Պետք է սերտ համագործակցենք ՊՆ-ի հետ. ԿԳՄՍ նախարարը` ավարտական դասարանների աշակերտների` ամառային զորակոչին մասնակցելու մասին

Ավարտական դասարանների ծանրաբեռնվածությունը հատկապես 2-րդ կիսամյակում ամենաթեթևն է, և այս տեսանկյունից մենք գտնվում ենք մի փոքր ավելի բարենպաստ իրավիճակում, քան ընդհանուր ուսումնական գործընթացի տեսանկյունից։ Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ հնարավորություն կա խտացնելու ուսումնական ծավալը մնացած ժամանակահավածի ընթացքում, որպեսզի հնարավորինս արմատական փոփոխություններ անելու կարիք չլինի։

Հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու ամառային զորակոչին բանակ մեկնող ավարտական դասարանների աշակերտների հարցը, արդյո՞ք հնարավորություն տրվելու է շրջանավարտներին մասնակցել ընդունելության քննություններին և դրանից հետո նոր մեկնել ծառայության, փոխնախարարն ասաց, որ հարցը միջգերատեսչական տիրույթում է, և այս ընթացքում պետք է սերտ քննարկում ունենան Պաշտպանության նախարարության հետ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ կանեն ամեն ինչ, որպեսզի զորահավաքային գործընթացը չվտանգեն։ «Պետք է սերտ համագործակցենք ՊՆ-ի հետ՝ հատկապես ավարտական դասարաններում ուսումնական գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու և զորահավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար։ Առանց ՊՆ-ի հետ համագործակցության չենք կարող»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է սահմանափակ տեխնիկա ունեցող գյուղերում հեռահար կրթություն իրականացնելուն, փոխնախարար Անդրեասյանն ասաց, որ աշակերտները կարող են հետևել իրենց յութուբյան ալիքին, հաղորդակից լինել այն նյութերին, որոնք կպատրաստվեն և կհեռարձակվեն։

«Սա սփռման շրջանակը կմեծացնի։ Իսկ ներառական կրթություն ստացող աշակերտներին այս տեսանկյունից ավելի մեծ հնարավորություն է ընձեռվում, քանի որ հեռավար ուսուցման ժամանակ օգտագործվող նյութերն ավելի բազմազան են՝ և՛ ձայնային են, և՛ տեքստային են, և՛ պատկերային են, ինչը հնարավորություն կտա հաշվի առնել ուսուցման ընթացքում հատուկ կարիքներ ունեցող երեխաների առանձնահատկությունները և կկարողանանք համապատասխան բովանդակություն հասցնել նրանց»,- ասաց փոխնախարարը։