«Պետք չէ արդարանալ, արդարանում են միայն թույլ մարդիկ»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման թեմային, նշեց, որ կորոնավիրուսը ամբողջ աշխարհով տարածվում է, մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, սեփականատերերին և դեղատներին, որ անպայման ապոհվեն գրիպի դեմ բուժման միջոցները և դիմակները։ Այսօր՝ մի ամիս հետո, երբ արդեն մեզ մոտ կորոնավիրուսն  առկա է, դիմակներ չկա, դեղորայք չկա։ «Դեղատան, հիվանդանոցի տեր ես, մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն տրվեր, որ նա որտեղից ուզում է՝ բերի, ապահովի, ինչի՞ մասին է խոսքը,- ասաց Ծառուկյանը։- Մարդիկ եթե լավ առաջարկներ են անում, բարի պետք է լինեն դա լսել, ոչ թե արդարանալ, արդարանում են միայն թույլ մարդիկ»։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք նույն կարծիքին է, որ տնտեսական հեղափոխություն գոյություն չունի, Գագիկ Ծառուկյանն ընդգծեց․

«Այս սկզբունքով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է առողջացման ծրագիր՝ փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության, երիտասարդ ընտանիքների․ ովքեր եթե ինչ-որ ունեցվածք ունեցել են բանկերի տակ, դրանք պետք է հետ վերադարձվի, որ զգան հեղափոխության քայլ է կատարվում։ Էսօր գալիս է գարունը, մի հատ տես գյուղատնտեսության մեջ, ոչ թե պետք է Ծառուկյանին հարցնեք, գնացեք, տեսեք, մարզերում ոչ սերմ կա, ոչ սալյարկա կա, ոչ սելիտրա կա, ինչո՞վ պետք է մարդիկ զարգացնեն, ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը»։

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին, Մյունխենյան հանդիպմանը՝ Գ․ Ծառուկյանը պատասխանեց․ «Ես տարիներ շարունակ ասում եմ, որ Արցախի անկախության հարցը Արցախի ժողովուրդը լուծել է, արդեն 30 տարի ունենք Արցախի անկախ պետություն»։

Մանրամասները՝ տեսանյութում