Նոր մանրամասներ Սպիտակում կատարված սպանության դեպքից

Փետրվարի լույս 12-ի գիշերն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Աղասի Հովհաննիսյանին։

29-ամյա Հովհաննիսյանը հունվարի 22-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, դեպքը տեղի էր ունեցել հունվարի 15-ին, Սպիտակում։ Ժամը 13։20-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին հաղորդել, որ 41-ամյա մի տղամարդ է բուժհաստատություն տեղափոխվել։ Ախտորոշվել էր «որովայնի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերք»։ Հոսպիտալացված 41-ամյա Գարուշ Մարությանը, գիտակցության չգալով, մահացել էր: Նույն օրը հրազենային վնասվածքով մեկ այլ տղամարդու հիվանդանոց տեղափոխվելու վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։ Խոսքը «Վանաձոր» բժշկական կենտրոնում հոսպիտալացված 31-ամյա Կամո Քալաշյանի մասին էր։

Ոստիկանության աշխատակիցները նախ պարզել են, որ դեպքը տեղի էր ունեցել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԱՊՊԱ գրասենյակներից մեկում: Շուտով հայտնի է դարձել, որ տղամարդիկ հիվանդանոցներ են տեղափոխվել նույն վայրից։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները գրասենյակն ու հարակից տարածքը մանրակրկիտ զննել էին, հայտնաբերել արնանման հետքեր, հրազենի գնդակ և այլն։

Հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ իրավապահները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ, որոնց հիմնավորման արդյունքում՝ հրազենային վիրավորումով «Վանաձոր» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող Կամո Քալաշյանը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է։ Հետագայում նրան մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Սպիտակի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողներն իրականացնելով տարաբնույթ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ, բացահայտել են դեպքին առնչվող նոր փաստական հանգամանքներ։ Իրավապահները պարզել են, որ հիվանդանոցում մահացած տղամարդու ուղղությամբ, բացի կալանավորվածից, կրակել էր նաև Աղասի Հովհաննիսյանը։ Դեպքից վեց օր անց՝ հունվարի 21-ին, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվել։ Հունվարի 22-ին էլ հայտարարվել էր հետախուզում։

Ազգային անվտանգության ծառայողների կողմից հայտնաբերված Աղասի Հովհաննիսյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։