Կառավարության ծրագրում տնտեսական հեղափոխության բաղադրիչների մասին հայտարարությունները մոլորեցնող են (տեսանյութ)

Տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը LIVEnews.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ներկայացրեց կառավարության 5-ամյա ծրագրի վերաբերյալ իր դիտարկումները՝ անդրադառնալով դրանում առկա բացթողումներին։

Ինչպես նշեց Սուրեն Պարսյանը, ծրագրում չափելի արդյունքների նշումից խուսափելով, կառավարությունն ապահովագրել է իրեն հետագա հանրային պատասխանատվությունից և հաշվետու լինելու պարտավորությունից, քանի որ եթե չկան թվեր ու ցուցանիշներ, ապա նրանք պարտավոր չեն լինի հաշվետվություն ներկայացնել, թե ինչու այդ ցուցանիշների կատարումը չեն ապահովել։ Մինչդեռ յուրաքանաչյուր տարին մեկ ցանկացած կառավարություն օրենքով պարտավոր է հանրությանը հաշվետու լինել իր իրականացրած ծրագրերի, աշխատանքի վերաբերյալ։

Տնտեսագետի հավաստմամբ, հիշյալ ծրագիրը տնտեսական հեղափոխության որևէ բաղադրիչ չի պարունակում, իսկ դրա մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այն ոչնչով չի տարբերվում նախորդ կառավարությունների ծրագրից, և ինչպես նախկիններն էին նեոլիբերալ տնտեսության քաղաքականություն որդեգրել, այնպես էլ ներկաներն են շարունակում այդ նույն տնտեսական գիծը։

ՀՀ կառավարության ծրագրում անգամ նշված չէ, թե քանի տոկոսով են նվազեցնելու ծայրահեղ աղքատությունը, գործազրկության մակարդակը, թեև այդ գործողությունները ներառվել են ծրագրում որպես իրագործելի նպատակներ։ Մինչդեռ, ծրագրում նշված է, որ այս կառավարությունը համահարթ հարկման տարբերակի ջատագովն է, ինչը, սակայն, հակառակ ազդեցությամբ կավելացնի գործազրկության ցուցանիշները և աղքատության մակարդակը, քանի որ հարկման համահարթ տարբերակը նպաստելու է հարուստների էլ ավելի հարստացմանը և աղքատների էլ ավելի աղքատացմանը, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկությունների փակմանը։

Մանրամասները՝ տեսանյութում