Շարքայինն ավագ լեյտենանտին սպանելու դիտավորությամբ կրակահերթ է արձակել գնդացրից, ինչո՞ւ․․․ Ահա, հենց սա՛ պետք է պարզել

ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալների համաձայն, 2019թ. փետրվարի 11-ին, ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Մ. Գրիգորյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ա.Կ․-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: