Բակո Սահակյանը մասնակցել է ԱՀ դատախազության կոլեգիայի նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2018թ․գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: ԱՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, նախագահ Սահակյանը, ամփոփելով 2018թ․ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատանքը, այն ընդհանուր առմամբ գնահատել է բավարար:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ գերատեսչության առջև դրված են կարևոր ու պատասխանատու խնդիրներ, և համակարգի աշխատանքից է նաև կախված երկրի բնականոն կենսագործունեության ապահովումը, պետության, հասարակության ու քաղաքացիների շահերի պաշտպանությունը, օրինականության պահպանումը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը:

«Այդ գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար պահանջվում է արհեստավարժության բարձր մակարդակ, պատասխանատվություն, սկզբունքայնություն և նվիրվածություն,- նշել է Արցախի Հանրապետության նախագահը:- Դատախազությունում կա համապատասխան ներուժ՝ այդ ամենը անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար»: