Հավասարման նշանի անհնարինությունը Արցախի հարցում

Հարցազրույց ֆրանսաբնակ վերլուծաբան Իրինա Հովսեփյանի հետ

Իրինա, Ղարաբաղի խնդրի կարգավորման համար մերօրյա իշխանությունների դիրքորոշումը գոնե թե վերջին ժամանակաշրջանում հետևյալն է՝ կարգավորման, լուծման տարբերակը պետք է հավասարապես ընդունելի լինի երեք կողմերի համար էլ՝ բնականաբար նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը։ Բայց մինչ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց կանայք խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների մասին հայտարարություններ են հնչեցնում, բանակը թուլացնելու ուղղությամբ նախագծեր փորձում կյանքի կոչել, պաշտոնական Բաքվից չեն դադարում ռազմատենչ, բռնատիրական, հավակնոտ հայտարարությունները, և Ադրբեջանը ավելի է հզորացնում իր ռազմական ներուժը։ Նման պայմաններում խելամի՞տ է խոսել Արդբեջանի ցանկությունների բավարարման մասին։

– Ո՞վ է գրում հարևանի քաղաքական ծրագիրը։ Արցախի ճակատագիրը չի կարող հավասարապես ընդունելի լինել Հայաստանի, Արցախի ու ինքնությունը կեղծած Ադրբեջանի հետ։ Նրանք պատահաբար պետություն են ստեղծել անցյալ դարում՝ վերցնելով Պարսկաստանի շրջաններից մեկի անունը ու հիմնվելով ալթայական լեզվաընտանիքի օղուզական խմբի մի բարբառի վրա։ Այդ ժողովուրդը ոչինչ էլ չի որոշում։ Որոշելու համար պետք է տեղյակ լինել ու դրա իրավունքը ունենալ։

Տարիներ շարունակ բանակցությունների հիմքում ընկած են եղել տարածքների ամբողջականության և ազգերի ինքնորոշման՝ Արցախի դեպքում խիստ հակասական սկզբունքները։  Առաջնորդվել այդ երկու սկզբունքներով՝ նշանակում է հարցը չլուծել։ Ես համաձայն եմ, որ հարցի չլուծելը, այսինքն՝ ստատուս քվոյի պահպանումը, բխել է Հայաստանի շահերից։

Ադրբեջանի՝ Հայաստանի ու Արցախի հանդեպ քաղաքականությունը մշակվում է Անկարայում։ Յուրաքանչյուր հանդիպումից առաջ և հետո Ադրբեջանի իշխանությունները քննարկումներ են ծավալում Թուրքիայի հետ։
Հայկական հարցը, ներառելով թե ՛ Ցեղասպանության ճանաչումը, թե՛ Արցախի հարցը, թե՛ մեր Սահմանադրությունն առհասարակ, թուրքական դիվանագիտության կարևոր առանցքներից է։ Իսկ այդ ապարատը նման է թուրքական բանակին՝ իր դերով և կարևորությամբ։ Թուրքական դիվանագիտությունն ավելի շատ հաջողություններ է արձանագրել, քան պարտություններ։
Ադրբեջանը պատրաստ է եղել զիջումների Արցախի անկախության հարցում։ Թուրքիան միշտ կոչ է արել՝ երբեք ոչինչ չզիջել հայերին։ Ադրբեջանական  կողմից այս շաբաթ հրապարակված փաստաթուղթը դրա վկայությունն է։
Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական բանակը վերապատրաստվում է թուրքական բարձրաստիճան զինվորական մասնագետների կողմից։

Բրատիսլավայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված վերջնագիր-հայտարարությանը Հայաստանի կառավարության վարած անորոշ քաղաքականությա՞ն հետևանք եք համարում, ինչպես որ մեկնաբանվում է մասնագիտական շրջանակներում։ Հիշեցնեմ, որ Բրատիսլավայում մեկնարկած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը այսպիսի պահանջ էր ներկայացրել՝ «ԼՂ ռեգիոնից և մյուս օկուպացված տարածքներից  հայկական զինված ուժերի անհապաղ, բացարձակ և անվերապահ դուրսբերում, ինչպես ամրագրված է ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերում»։ Ի դեպ Ադրբեջանը վերջերս նաև առաջ է տանում Արցախում իբրև ադրբեջանցի փախստականների թեման։

Ազատագրված տարածքները Արցախի սահմանադրության մաս են կազմում։ Ինչպե՞ս կարող են դրանք հանձնվել։ Ո՞վ է մարդահամար անցկացրել ու որոշել, թե քանի ադրբեջանցի փախստական կա երեսուն տարի հետո։ Նրանք բռնազավթել կամ փոխանակել են իրենց շարժական գույքը հայերի հետ։ Ո՞վ է հաշվառում կատարել ու որոշել, թե իրականում քանի փախստական է մնացել անտուն։ Նկատե՞լ եք, որ հայ փախստականների ու Շահումյանի մասին չի խոսվում։  Եվ ի վերջո, որտե՞ղ են վերադառնալու։ Աղդամ չկա արդեն վաղուց։ Շուշիում բնակվում են Բաքվից մազապուրծ հայերը։
Եթե Հայաստանը պայքարում է կաշառակերության դեմ, ինչպե՞ս է բանակցում աշխարհի ամենակաշառակեր պետություններց մեկի հետ։
Հայաստանը պետք է դադարեցնի բանակցություններին մասնակցել։ Սա բանակցություն չէ, սա նոր պատերազմի նախաբան է։ Արցախի ճակատագիրը ընդունելի պետք է լինի միայն հայ ժողովրդի համար։

Ի՞նչ է նրանց ուզածը՝ տարածք, բնական հարստություն, ընդերք։ Ադրբեջանի ՀՆԱ- ի մի ստվար մասը, նավթը չհաշված, կազմվում էր ԼՂԻՄ-ից. նրանք չեն հաշտվում այս կորստի հետ։ Արցախում ոսկի կա ու ընդերքի հարուստ պաշարներ։ Ադրբեջանը, նավթից բացի, ուրիշ բնական հարստության կարիք ունի։

Փախստականների թեման շինծու է, դա առիթ է վերադառնալ Արցախ ու շարունակել հայաթափությունը։ Մենք գործ ունենք մահմեդական հարևանի հետ, որին ուղղորդում է մի ուրիշ մահմեդական հարևան։ Նրանց կրոնի մեջ կա կոլեկտիվ թշնամու կաղապար կամ գաղափար։ Քաղաքական գործիչները հիմնվում են դրա վրա՝ իշխանությունն ամրապնդելու համար։ Այս դեպքում հայերն ադրբեջանական պատկերացումներում նրանց թշնամի են և պետք է պայքարել նրանց դեմ։ Արցախից հետո պայքարելու են Հայաստանի դեմ։

Խաղաղություն, փոխադարձ հանդուրժողականություն և այս կարգի հոմանիշները նրանց համար ընկալելի չեն։ Նրանք ընկալում են ուժի ու դիմագրավման առկայությունն ու բացակայությունը։ Նրանք ուժեղ բանակի հետ են հաշվի նստում։ Սա շատ խոր կրոնական ու մշակութային բացատրություններ ունի։ Արցախցին առնչվել է ադրբեջանցու հետ ու նրանց լավ է ճանաչում։

Դուք անձամբ ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի կարգավորումը, դա հնարավո՞ր է խաղաղ ճանապարհով։

-Ես առաջարկում եմ Արցախի հարցը տանել իրավական դաշտ։ Ներգրավել միջազգային իրավաբաններին, հատկապես ազգամիջյան կոնֆիլիտների մասնագետներին, որպեսզի իրավաբանորեն ձևակերպվի, որ Արցախը չի կարող մաս կազմել մի ուրիշ պետության։ ԽՍՀՄ-ը փլուզվեց, և խորհրդային սահմանադրությունը չի գործում մեր անկախությունից ի վեր։ Արցախը Ադրբեջանի կազմում չի եղել մինչև 1923 թիվը։ Իսկ Արդբեջանը ԽՍՀՄ փլուզումից հետո վերականգնել է 1918թ․  իր կարգավիճակը։

Նաև՝ կնքել հայ-ռուսական նոր պայմանագիր, ՀԱՊԿ կամ ինչ ձևաչափով ուզում է լինի՝ պատերազմի դեպքում ռուսական աջակցություն ունենալու ակնկալիքով։ Իսկ դրա համար պետք է իշխանությունը, գիտակցելով պատերազմի վտանգը, կանխի հակառուսական բոլոր ելույթները, վերջ տա դրսից թելադրվող՝ Հայաստանը Ռուսաստանից մեկուսացնող գաղափարներին։ Նժարին դրված է մեր անվտանգությունը, և պատերազմի ուրվականը դարանել է ոչ միայն Արցախի Հանրապետության այլ նաև ՀՀ սահմաններին։

Ես շատ կուզենայի հայ-ֆրանսիական պայմանագիր լիներ, բայց դա ռոմանտիզմ է, Ֆրանսիան զորք չի ուղարկի Հայաստան։ Քրդերի դեմ հարձակումից հետո եվրոպական ոչ մի երկրի առաջնորդ կոչ չարեց ԵՄ-ին Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնել կամ սառեցնել։ Թուրքիան կշարունակի ֆինանսավորվել ԵՄ-ի բյուջեից։ Ինչո՞ւ։ Թուրքիան պարտավոր է հարաբերությունները կարգավորել ԵՄ անդամ պետությունների հետ, բայց չկա որևէ դրույթ, որը Թուրքիային ստիպի չհարձակվել ԵՄ-ին չանդամակցող երկրների վրա։

Իհարկե, մենք կարող ենք աշխատել ֆրանսիական դիրքորոշումը ավելի հայանպաստ դարձնելու ուղղությամբ։ Ֆրանսիական մի շարք պատգամավորներ ու քաղաքապետեր հայամետ կեցվածք ունեն ու կօգնեն այս հարցում։ Հայկական Սփյուռքը, պնդում եմ, պետք է լինի հայամետ ազդեցության հենարան և լծակ։

Մեզ հարկավոր է զարգացնել Արցախի տնտեսությունը, որովհետև Արցախի անկախության ու հզորացման գնացքը անցնում է իր տնտեսության մայրուղիներով։

Այս ամենը նշանակում է Արցախի հարցում պետական ծրագիր ու պետական ռազմավարություն, ինչը, ավաղ, այդպես էլ չեմ նշմարում։ Դրա համար էլ մեր շերեփը ավելի շատ թղթի է նմանվում։

Առաջարկում եմ ստեղծել այդ ռազմավարությունը մշակող հանձնաժողով, որի մեջ կլինեն ՀՀ, Արցախը և Սփյուռքը, և որը կառաջարկի հայկական տարբերակը՝ ի դեմս ադրբեջանական վերջին առաջարկի։

Ի վերջո առաջարկել, որ չեղարկվի 1923թ․ Լոզանի պայմանագիրը։ Եթե Ադրբեջանը խոսում է անցած դարից, մենք էլ կարող ենք Լոզանից խոսել, դա էլ էր նույն դարում։

Եթե ոչինչ հնարավոր չէ անել, ուրեմն պետք է ձգձգել ստատուս քվոն մինչև 2050 թիվը և ոչինչ չզիջել։

Զրուցեց Թագուհի Ասլանյանը