«Աշխատիր Հայաստան» ծրագրի մասին կարելի է ասել՝ լեռը երկնեց և մուկ ծնեց

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ

Պարոն Ավետիսյան, երեկ Կառավարությունը հաստատեց «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունը, որով նախատեսվում է հաղթահարել աղքատությունը՝ մարդկանց արժանապատիվ աշխատանքով ապահովելու միջոցով։ Որքանո՞վ է այն համապատասխանում իր նպատակներին, կարո՞ղ ենք վստահորեն ասել, որ այդ ռազմավարությամբ առաջիկա հինգ տարում մեր երկրում զգալիորեն կնվազի աղքատության բարձր ցուցանիշը, զգալի կնվազի գործազրկությունը, ինչպես նաև չեն լինի աշխատող աղքատներ։

-Մոտ երկու տարի մշակվելուց ու գովազդվելուց հետո 2019թ. դեկտեմբերի 5-ին Կառավարությունը հաստատեց «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունը (https://www.e-gov.am/sessions/, օրակարգի 29-րդ հարց): Հանրության մեջ օբյեկտիվորեն ձևավորվել էր հավաքական սպասում հնգամյա այս ծրագրից, ըստ որի՝ այն պետք է դառնար «աղքատությունից դեպի արժանապատիվ աշխատանք» ճանապարհային քարտեզ: Ցավոք, նորից ձևավորված հանրային սպասումների և հաստատված ռազմավարության անհամապատասխանություն ենք արձանագրում:

Խոսքը գործող իշխանության հռչակած «աղքատությունը գլխից հանելու և աշխատելու» հեղափոխական հիմնարար թեզի մասին է:

Կառավարության այս  որոշմամբ սահմանվել է՝ «Աշխատիր Հայաստան» ռազմավարությամբ ապագա հինգ տարիների համար նախատեսված ծրագրերը պետական բյուջեից կֆինանսավորվեն, եթե տվյալ տարվա բյուջեում լինի այդ ծախսերի հատկացման հնարավորություն: Ստացվում է՝ Կառավարությունը չափելի որևէ պարտավորություն չի վերցնում իր ռազմավարության իրականացման հիմնական պայմանը՝ ֆինանսավորումն ապահովելու համար: Ոչ ֆինանսական ցուցանիշների թիրախավորումը ևս որևէ աղերս չունի նախապես խոստացվածի հետ:

Փաստորեն, գործազրկության կրճատման և զբաղվածության աճի հեղափոխական խոստումները հենց ստացան թվային արտահայտություն և դարձան իշխանության համար չափելի պարտավորություն՝ «թռիչքայինից» դարձան «հազիվ սողացող»:

Մասնավորապես, «Աշխատիր Հայաստան» ռազմավարության հիմնական նպատակադրումներից է զբաղվածության ծրագրերի աջակցությամբ աշխատանքի տեղավորվածների թվի ավելացումը, որի համար էլ ապագա 5 տարիներին թիրախավորվել է տարեկան ընդամնեը 5 տոկոս աճ:

Պատկերն ամբողջացնելու համար բերենք հատկանշական ևս 2 ցուցանիշներ, որոնց մասին բազմիցս ենք հայտնել մեր առարկայական մտահոգությունները: 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը կազմել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս, իսկ 2019 թվականի փաստացի ցուցանիշներով չի գերազանցի 50 տոկոսը: Այսինքն՝ 2018-2019 թթ․զբաղվածության պետական ծրագրերի թերակատարման հետևանքով մեծ թվով գործազուրկներ չեն ընդգրկվել պետական ծրագրերում և չեն տեղավորվել աշխատանքի: Հնարավորությունն արդեն կորցրած գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու համար նախատեսվող շահառուների տարեկան միջին թվի 125 տոկոսը:

Այլ կերպ ասած՝ աննախադեպ ցածր կատարողականների հետևանքով նախորդ 2 տարիներին կորցրած հնարավորությունը կվերականգնվի 25 տարի հետո՝ «Աշխատիր Հայաստան» ռազմավարության թիրախավորմամբ (զբաղվածության ծրագրերի արդյունքում աշխատանքի տեղավորվածների թվի ավելացում՝ տարեկան 5 տոկոսով): Այսպիսով անհրաժեշտ կլինի իրագործել 5 հատ այսպիսի ռազմավարություն: Գործող Կառավարությունը կունենա՞ արդյոք այդքան ժամանակ, որ իր նախորդ 2 տարիների ձախողումների հետևանքները վերականգնի՝ զբաղվածության ծրագրերի իրականացման ոլորտում:

Այսքանից հետո, մեղմ ասած, զարմանալի են ռազմավարության մեջ ներառված «գնահատումները», որոնք վերաբերում են իրենցից առաջ իրականացվող զբաղվածության քաղաքականությանը: Ասենք օրինակ՝ ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանացել, զբաղվածության պետական ծրագրերը կա՛մ գրավիչ չեն, կա՛մ դրանց մասին իրազեկվածության մակարդակն է ցածր, առկա ծրագրերը մեծամասամբ թիրախավորում են սոցիալապես խոցելի խմբերին, մինչդեռ պետությունը պիտի սահմաներ այլ առաջնահերթություններ և այլն:

 -Իսկ ի՞նչ է արվել այդ ուղղությամբ մերօրյա Կառավարության մեկուկես տարվա իշխանության ժամանակաշրջանում, այսինքն՝ զբաղվածության խնդիրները լուծելու ուղղությամբ հստակ ռազմավարություն մշակվե՞լ է, հստակ քայլեր իրականացվե՞լ են, քանի որ Կառավարության ղեկավարը հաճախ է շեշտում, թե իրենց ձեռքբերումներն ադ ոլորտում աննախադեպ են։

-Նախորդ շրջանը գնահատելու պարագայում օբյեկտիվորեն անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդպես էլ անպատասխան մնացած բազում հարցերի, որոնք բազմիցս բարձրացրել ենք իշխանափոխությունից հետո՝

1․ 2018-2019 թթ․ զբաղվածության ծրագրերի աննախադեպ թերակատարումներն արձանագրվել են պատշա՞ճ ուշադրությամբ, թե…,

2․ զբաղվածության ոլորտի պատասխանատու և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողներն այս ընթացքում յուրաքանչյուր ամիս պարգևատրվել են օրենքո՞վ՝ կատարողական արդյունքների՞ համար, թե…,

3․ ծրագրերը գրավիչ դարձնելո՞ւ, թե ամեն գնով կատարողական ապահովելու համար է, որ այս ընթացքում հետևողականորեն վերացվում են ծրագրերի ռիսկերի կառավարման և հասցեականության ապահովման գործիքները,

4․ ամեն գնով կատարողական ապահովելու համար հիմա էլ նախատեսվում է վերացնե՞լ շահառուների առաջնահերթությունները, որոնք սահմանված են՝ ըստ աշխատաշուկայում գործազուրկների անմրցունակության, ուրեմն ու՞ր մնաց սոցիալական ներառական զարգացումը,

5․ նչո՞ւ է պատասխանատու պետական մարմնի առաջարկով օրենքից հանվում ծրագրերի տարածքային բաշխման և թիրախավորման պահանջն այն դեպքում, երբ «Աշխատիր Հայաստան» ռազմավարության մեջ հիմնավորված է ծրագրերի բաշխման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ աշխատաշուկայի տարածքային առանձնահատկություններով պայմանավորված,

6․ ներկայումս որքանո՞վ են համակարգված ծրագրերի հանրայնացման աշխատանքները, իրազեկման ի՞նչ նոր քայլեր են արվել, և որքանո՞վ է բարձրացել իրազեկվածության մակարդակը,

7․ գործող ծրագրերին ի՞նչ նոր ծրագիր է ավելացել,

8․ ինչո՞ւ են տարիներ շարունակ գործող ծրագրերը հանրությանը ներկայացվում՝ որպես նոր ծրագիր, ասենք օրինակ՝ անասնապահության աջակցության ծրագիրը, որը գործում է 2014թ․, սակայն 2019-ի նոյեմբերին Կառավարության նիստում զեկուցվեց որպես նոր ծրագիր,

9․ ինչո՞ւ են 2-3 տարով հետաձգվել զբաղվածության ոլորտի տեղեկատվական ապահովման կարևորագույն բարեփոխումները, որոնք մեկնարկել էին դեռևս 2016թ․ և ձևավորված էին իրական նախադրյալներ՝ 2018թ․ ավարտելու համար, ասենք օրինակ՝ զբաղվածության առցանց հարթակի մշակումը հետաձգվել է մինչև 2020թ․, զբաղվածության պետական գործակալության տեղեկատվական ներքին համակարգը՝ 2021թ․,

10․ զբաղվածության քաղաքականության փոփոխություններ նախաձեռնելիս դիտարկվո՞ւմ է «մի՛ վնասիր» սկզբունքը, որն այս իրավիճակում առարկայական անհրաժեշտություն է,

11․ միջազգային անորոշ փորձ վկայակոչելով և թելադրված քաղաքական դրդապատճառներով մասնագիտական գնահատումներ կատարելիս՝ ծանոթացե՞լ եք զբաղվածության գործող մոդելի վերաբերյալ Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձր գնահատականին, ըստ որի՝ մեր երկրում ներդրված նոր ծրագրերը առաջարկվել են ԵԱՏՄ անդամ երկրներին:

Բայց հուսադրողն այն է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտում իշխանափոխությունից հետո ձախողված գոնե որոշ բարեփոխումներ վերաիմաստավորվել և ներառվել են «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունում:

Մասնավորապես, 2017թ․ հաստատվել էր «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի հայեցակարգը: Դրա հիման վրա էլ մշակվել էր համապատասխան օրենքի նախագիծը, որը գտնվում էր քննարկումների փուլում և պետք է ընդունվեր 2018թ․:

Մյուսը՝ 2017թ․ մշակվել էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների ծավալուն նախագիծ: Շահագրգիռ կողմերի լայն քննարկումների արդյունքում և միջազգային փորձագիտական եզրակացությունների հիման վրա այդ նախագիծը լրամշակվել և 2018թ․ սկզբին ներկայացվել էր Ազգային ժողովի քննարկմանը: Նախագիծը բխում էր մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայից հանված մի շարք խնդիրների լուծման օբյեկտիվ անհրաժեշտությունից: Ի դեպ, 2018-2019 թթ․ այս նախագծից առանձնացված մի քանի հոդվածներ ընդունվել են՝ որպես իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորների նախաձեռնություն:

Հետաքրքիր է՝ իշխանափոխությունից հետո ի՞նչ հիմնավորմամբ և ո՞ւմ թեթև ձեռքով հանվեցին շրջանառությունից օրենսդրական այս նախագծերը և հիմա ի՞նչ հիմնավորմամբ են դրանք կարևորվել և ներառվել «Աշխատիր Հայաստան» ռազմավարության մեջ:

Զրուցեց Թագուհի Ասլանյանը