Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան

Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքը կեղծ մեղադրանք է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  «Ֆլեշ» ընկերության նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանը։

Հարցին, թե Սերժ Սարգսյանը կապ  ունեցե՞լ է «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ, նա պատասխանեց․ «Այդպիսի բանը բացառված է, Սերժ Սարգսյանը ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ֆիրմայի հետ։ Հետո ինչ, որ իմ ընկերն է, բոլորն էլ իմ ընկերներն են։ Նա իմ ընկերը եղել է, կա ու մնալու է․ դա գաղտնիք չէ»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե ճանաչելով իր ընկերոջը՝ կարո՞ղ է ասել, որ հափշտակություն չէր կարող անել, Բեգլարյանը պատասխանեց՝ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ․ «Դա այնքան փոքր գործ է, նույնիսկ ծիծաղելի է՝ Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը։ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ, նա օրենքի տառին միշտ համահունչ է պահում իր գործունեությունը։ Այստեղ ինձ համար գործ չկա, անլուրջ ու ծիծաղելի է»,- ամփոփեց նա։

Բարսեղ Բեգլարյանը նշեց, որ այս գործով հարցաքննություն է եղել 1-2 ամիս առաջ և Սերգո Կարապետյանի հետ առերեսում է ունեցել, իսկ Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպել։

Անդրադառնալով իրեն առաջադրված նոր մեղադրանքին՝ Բեգլարյանը նշեց, որ տեղյակ չի եղել։ «Պաշտոնապես ինձ ոչ մեկը տեղյակ չի պահել, որ ինձ նոր մեղադրանք է առաջադրվել։ Ինձ երկուշաբթի են Հատուկ քննչական ծառայություն կանչել։ Ես ոչինչի տակ չեմ ստորագրել, եթե ստորագրած լինեի, կասեի՝ տեղյակ եմ»,- ասաց Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մայիսի Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հափշտակության կատարումը կազմակերպելու համար։