Հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Մուշեղ Աբովյանին կհուղարկավորեն հայրենի գյուղում (լուսանկարներ)

Հոկտեմբերի 3-ին հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող, Տավուշի մարզի Կողբի բնակիչ 28-ամյա Մուշեղ Աբովյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, նրան կհուղարկավորեն հայրենի գյուղում:

Նշենք, որ Մուշեղը տան միակ արու զավակն էր, ամուսնացած չէր, ունի երկու քույր, հայրն անտառապահ է, մայրը չի աշխատում, ընտանիքն սոցիալապես անապահով վիճակում է։ Պարտադիր զինծառայությունից հետո Մուշեղն անցել էր պայմանագրային զինծառայության։ «Բարի, խելոք, համեստ տղա էր»,- պատմում են գյուղացիները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: