ԱՄՆ-ի նոր պլացդարմը Եվրոպայի ու Ռուսաստանի դեմ խաղի համար

Բալկանյան թերակղզու իրավիճակի առնչությամբ ԶԼՄ-ների, այդ թվում՝ արևմտյան,  հաղորդումները հիմնավորված անհանգստություն են ներշնչում։ Դատելով ամենից, նշված տարածաշրջանը նորից նախապատրաստում են «Եվրոպայի վառոդի տակառի» կարգավիճակի համար։ Կոսովյան ալբանացիների կողմից սեփական բանակի ստեղծումը, Ռուսաստանին Սերբիայի խնդրանքը՝ «պաշտպանել» իրենց, տարածաշրջանի երկրների փոխադարձ տարածքային պահանջները և, վերջապես, ԱՄՆ-ի ծայրաստիճան շահագրգռվածությունը՝ լարվածության նոր կետ ստեղծել Եվրոպայի ու Մոսկվայի համար, ահա այս ամենը Բալկաններում իրավիճակը դուրս է բերում մի նոր ու պայթյունավտանգ մակարդակի։

«Կոսովյան հարցի» նախապատմությունը, ինչպես շատերը սխալվում են, բոլորովին էլ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ագրեսիան չէր Հարավսալավիայի դեմ։ Եվ ոչ էլ Երկրորդ աշխարհամարտը, երբ ԱՄՆ-ի ասօրվա քայլերն անում էր ֆաշիստական Գերմանիան։ 20-րդ դարի 70-ականներից սկսած, Արևմուտքն ակտիվորեն աջակցում էր կոսովյան ծայրահեղական մուսուլմաններին ընդդեմ սերբերի և նույնիսկ ուղղափառ ալբանացիների, և բոլոր ուժերով փորձում էր քաղաքացիական պատերազմ հրահրել տարածաշրջանում։

Ինչպես և մեզ մոտ, ամեն ինչ սկսվեց թուրք-օսմաններից։ Քանզի ԿոսՄետում ալբանացի մուսուլմանների հայտնվելն իսկ արդյունք էր սերբերի ցեղասպանության, որ իրագործեցին թուրքերը հեռավոր միջնադարում։ Ոչ միայն ԿոսՄետի խնդրի, այլև Ուղղափառության, Քրիստոնեության ողբերգության սկիզբը Բալկաններում՝ 1389թ․ հունիսի 15-ն էր, Վիդովդանը, ճակատամարտը Կոսովյան դաշտում։ Այն ժամանակ սերբերի Մեծ իշխան Լազար Հրբելյանի (Հրբելյանովիչի) պարտությունը ողբերգության սկիզբը դրեց։ Այսօր ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն շարունակում են թուրքերի սկսած ոչնչացումը․․․

Երկրամասը ՆԱՏՕ-ի կողմից օկուպացվելուց հետո սկսվեց բանակցությունների գործընթացը։ ԿոսՄետում Հարավսլավիայի բանակի դեմ հանդես եկող ալբանական ահաբեկիչ-ցեղասպանորդների առաջնորդները կանգնեցին Հաագայի միջազգային դատարանի առջև։ Բայց, քանի որ արևմտյան դրածոներ էին, նրանց ոչ միայն արդարացրեցին, այլև Հարավսլավիայից անջատված պետություններում դարձրեցին քաղաքական գործիչներ։ 2006թ․ Սերբիայից կտրեցին Չեռնոգորիան, և չլուծված մնաց միայն ալբանական հարցը։ 2008թ․ կոսովյան ալբանացիները ԱՄՆ-ի օժանդակությամբ հայտարարեցին իրենց անկախությունը Սերբիայից, և Արևմուտքը սկսեց խաղի ավարտական մասը։

Որոշակի միջոցների համալիր առաջարկելով, Եվրամիությունը 2014թ․ իշխանության բերեց «Կոսովոյի դեմոկրատական կուսակցության դաշինքին», և ծրագրում էր մոտ ապագայում կուլ տալ ամբողջ Սերբիան։ Ամեն ինչ փոխվեց 2018թ․ ամռանը։ ԿոսՄետում արտահերթ ընտրությունների արդյունքները ստիպեցին անհանգստանալ ոչ միայն Բելգրադին, այլև ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։ Բանը նրանում է, որ կոսովյան խորհրդարանում գերի դիրքեր գրավեցին ծայրահեղական գծի կողմնակիցները, ովքեր պահանջում էին ոչ միայն երկրամասի առանձնացումը Կոսովոյից, այլև ԵՄ-ի հետ «Կոսովոյի իշխանությունների» ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունների չեղարկումը։

Դա Բրյուսելի համար շատ անսպասելի էր, քանի որ ժամանակին այդ պահը ԱՄՆ-ի հետ քննարկվել էր։ Ծրագրվում էր զուգահեռաբար առաջ տանել եվրոպական կառույցներին Սերբիայի ու Կոսովոյի ինտեգրումը և այդ երկուսից հակառուսական պլացդարմ ստեղծելու գործը։ Դրա փոխարեն, Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տուն եկած նոր վերնախավը սկսեց սեփական խաղը վարել։ Վերանայեցին նախկին աշխատակազմերի պայմանավորվածությունները, քամահրեցին ԵՄ-ի կարծիքը, և նորից սկսեցին Բալկանները «մեծ քաղաքականության» պլացդարմ դարձնել։ Եվ ստացվում է՝ դա անում են և՛ Բրյուսելի, և՛ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար։

2017թ․ փետրվարին «Կոսովոյի խորհրդարանը», հակառակ Եվրոպայի հետ բոլոր նախկին պայմանավորվածություններին, ընդունեց առաջին օրենքն ապագա պաշտպանության նախարարության մասին։ Սկսած 2018 թվականից, «Կոսովոյի ինքնապաշտպանության ուժերը» (ԿԻՈՒ) դուրս եկան եզրափակիչ փուլ և սկսեցին վերափոխվել բանակի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա դեմ պաշտոնապես հանդես եկան գործնականում գրեթե բոլոր (բացի ԱՄՆ-ից) խաղացողները՝ Մոսկվան, Բելգրադը և նույնիսկ ԵՄ-ն, Կոսովոյի լկտիությունը չափազանց տարօրինակ էր թվում։

Ամեն ինչ պարզվեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական դիրքորոշման հրապարակումից հետո․ «ԱՄՆ-ը կողմ է ԿԻՈՒ-ի վերափոխմանը ՆԱՏՕ-ի հետ համատեղելի զինուժի․․․ Նոր բանակը պետք է տարածքային ինքնապաշտպանության մանդատ ունենա․․․ Ոչ մի երկիր չպետք է վիճարկի այդ մոտեցումը»։ Որպես իր իսկ անվտանգության տարբերակ, Արևմտյան Եվրոպայի գրած «կոսովյան սցենարի» էությունը, ինչպես նաև ԵՄ-ի և Օբամայի աշխատակազմի միջև ձեռք բերված փոխհամաձայնությունը Վաշինգտոնին այլևս ձեռք չի տալիս։

ԱՄՆ-ին նոր հակամարտություն է պետք, և ԵՄ-ի դիրքորոշումն ամերիկյան նոր վերնախավին չի հուզում։ Տվյալ ռազմավարության իրագործման համար ԱՄՆ-ը ստանդարտ մոտեցում է կիրառում․ Ռամուշ Հարադինայը, հայտնի Թաչին և ֆաշիստ Ալբիխ Կուրտին, ովքեր պատասխանատու են 90-ականներին սերբերի և այլ քրիստոնյաների չճանաչված ցեղասպանության համար, 2018թ․ ամռանը հաղթեցին «կոսովյան ընտրություններում», ընդ որում՝ «բուն ալբանական հողերը վերադարձնելու» կոչերով։ Ալբանացիների տարածքային պահանջները չեն սահմանափակվում Սերբիայով, այլ վերաբերում են բոլոր հարևաններին, ինչն ամբողջապես համահունչ է Վաշինգտոնի ու Լոնդոնի ցանկություններին։ Նրանց համար «Մեծ Ալբանիայի» հարցը կատարյալ սցենար է։

Մինչ Արևմտյան Եվրոպան վերջին տարիներին փորձում էր հարթել սուր անկյունները, ԱՄՆ-ն ու Անգլիան անում են ամեն հնարավորը, որպեսզի պատերազմը Բալկաններում սկսվի արդեն այսօր։ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի՝ սահմանազատման գծում տեղակայված ուժերը, ինչպես նաև ԿոսՄետի իշխանական կառույցներում գտնվող եվրոպական «վերահսկողները» ծրագրավորված ձևերով դուրս են մղվում Վաշինգտոնի ճնշման տակ։ Կոսովյան առանձնացված բանակը ցանկանում է իր վրա վերցնել սահմանների պաշտպանությունը, ինչը տրամաբանորեն առճակատում կսադրի հարևանների հետ։

Ռուսաստանն ինչ-որ բաներ է անում, որպեսզի արդիականացնի և վերազինի սերբական բանակը, և պատահական չէ, որ սերբերն օգնություն են խնդրում Մոսկվայից։ ԿոսՄետի թշնամական էությունն ու էթնիկական զտումներ իրականցնողների գլխավորությամբ ստեղծվող բանակն ակնհայտ առիթ են Ռուսաստանին օգնության նպատակով դիմելու համար։ Սերբերը հիանալի հասկանում են, որ Եվրոպան վարպետ է խոստումների ու գեղեցիկ հայտարարությունների մասով, բայց իրական հակամարտության պարագայում միայն Մոսկվան է ունակ պաշտպանել Լոնդոնից ու Վաշինգտոնից հավանություն ստացած ագրեսիայից։

Սերբերի օրինակը նման է մերինին․ ԿոսՄետի զավթումը և այն նվիրելը նախկին Օսմանյան կայսրության հավատարիմ ալբանացի մուսուլմաններին, նույնն է, ինչ Նախիջևանը կովկասյան թաթարներին նվիրելը։

Սերբերի եվրոպամետ մասի հուսավորվելը, թե «Արևմուտքը մեզ կօգնի», հանգեցրեց այդ ազգի հերթական ցեղասպանությանն իր իսկ հողի վրա․․․

 

Սերգեյ Շաքարյանց