Ռուսաստանը հիմքեր չի տեսնում, թե Թուրքիան С-400-ի գաղտնի տեղեկությունները կհաղորդի ԱՄՆ-ին, «Bloomberg»-ը հակառակն է գրում

Թուրքիան «Փեթրիոթ» հակահրթիռային պաշտպանության համալիրները ձեռք բերելու համար բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, թեև մեկ տարի առաջ Ռուսաստանից С-400 հակահրթիռային համալիրների գնելու պայմանագիր է ստորագրել։

Ամերիկյան Պետքարտուղարությունն արդեն հավանություն է տվել Թուրքիային 3,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ «Փեթրիոթ» հակահրթիռային համալիրների վաճառքին։ Հիշենք, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի հետ կնքած С-400 համալիրներ  գնելու պայմանագրի ընդհանուր արժեքը 2,5 մլրդ դոլար է։ Դա առաջին պայմանգիրն է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրն երբևէ կնքել է ռուսական սպառազինություն գնելու համար։

Ավելի վաղ Պենտագոնը նախազգուշացնում էր, որ Թուրքիայի կողմից С-400 գնելն անմիջականորեն բացասական հետևանքների կհանգեցնի ամերիկա-թուրքական հարաբերություններում ու բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերին։ Թուրքիան էլ, իր հերթին, մեղադրում էր ԱՄՆ-ին, որ իրեն «Փեթրիոթ» չի վաճառում։

Կրեմլը փոխկապվածություն չի տեսնում Թուրքիային հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Patriot» համալիրների հավանական վաճառքի և այդ երկրին ռուսական С-400 համալիրների մատակարարման միջև։ Այդ մասին երեկ հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրանք փոխկապակցված գործընթացներ չեն,- ասել է Դ․ Պեսկովը։- Տվյալ դեպքում մենք իրականացնում ենք թուրք գործընկերների հետ մեր պայմանավորվածությունները։ Պայմանագիրն իրականացման փուլում է և այն կշարունակվի»։

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանյան ղեկավարությունը հիմքեր չի տեսնում, թե Թուրքիան С-400-ի գաղտնի տեղեկությունները կհաղորդի ԱՄՆ-ին։ Այլ երկրների հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը միշտ ուղեկցվում է «որոշակի տեսակի տեղեկությունները» չբացահայտելու իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնություններով, հիշեցրել է Պեսկովը և հավելել՝ «Նույնատիպ պարտավորություններ ունի նաև թուրքական կողմը»։

Դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հավանություն է տվել Թուրքիային 3,5 մլրդ դոլարի «Patriot» ՀՀՊ համալիրների վաճառքի պայմանագրին։ Թուրքիան չորս համալիրներ, ներառյալ՝ կառավարման համակարգերն ու ռադարները, գնելու հայտ է ներկայացրել՝ 20 մեկնարկային սարքերով և 80 հրթիռներով։

Գործարքի մասին տեղեկությունները հայտնվեցին Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների լարվածության համատեքստում՝ կապված Թուրքիայի կողմից 2,5 մլրդ դոլարի ռուսական С-400 գնելու ծրագրերի հետ։ Վերջիններիս մատակարարումները կսկսվեն արդեն 2019թ․։

Դմիտրի Պեսկովի հավաստմանը, որ ՌԴ ղեկավարությունը հիմքեր չի տեսնում, թե Թուրքիան С-400-ի գաղտնի տեղեկությունները կհաղորդի ԱՄՆ-ին, ճիշտ հակառակ տեղեկություն է հրապարակել «Bloomberg» գործակալությունը՝ հղում կատարելով երկու տեղեկացված աղբյուրների վրա, որոնք իբրև այդ մասին պատմել են իրեն։ Ըստ այդմ, Թուրքիան ամերիկյան մասնագետներին առաջարկել է ուսումնասիրել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության С-400 համալիրները, երբ Մոսկվայից կստանա դրանք։

Հրապարակման համաձայն, Անկարան այդ քայլին է գնացել, որպեսզի վերադարձնի Վաշինգտոնի վստահությունն ու բարեհաճությունն այն բանից հետո, երբ հրաժարվեց գնել ամերիկյան «Patriot» համալիրներն ու ընտրեց ռուսական տեխնիկան։ ԱՄՆ-ն անհանգստանում է, որ С-400-ներն ի վիճակի կլինեն ոչ միայն որսալ արդիական, հինգերորդ սերնդի բազմանպատակային F-35 կործանիչ-ռմբակոծիչներին, այլև ստանալ դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հետո այդ գաղտնի տեղեկություններն ուղարկել Մոսկվա։ Արտերկրի ԶԼՄ-ներում հրապարակված իրարամերժ տեղեկություններից այդպես էլ անհասկանալի է մնում, թե ավելի վաղ Միացյալ Նահանգնե՞րն է հրաժարվել Թուրքիային «Patriot» համալիրներ վաճառել, թե Թուրքիան է հրաժարվել դրանց գնումից, նախընտրելով ռուսական С-400-ները։

ԱՄՆ-ը ս․ թ․ դեկտեմբերի 2-ին Թուրքիային վերջնագիր է ներկայացրել՝ Անկարան պետք է հրաժարվի Մոսկվայի հետ գործարքից, հակառակ դեպքում կզրկվի F-35 կործանիչ-ռմբակոծիչները ստանալուց։ Սակայն, թուրքական կողմը դեռ նոյեմբերին էր խոստովանել, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները չեղարկելն անհնար է։

С-400-ների չորս դիվիզիոնների մատակարարման պայմանագիրը Մոսկվան և Անկարան ստորագրել են 2017թ․ սեպտեմբերին։ Պայմանագրի րժեքը 2,5 մլրդ դոլար է, որի կեսից ավելին կփակվի ռուսական վարկով։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները դեմ են նշված գործարքին։