«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ազատվենք դավաճան Նիկոլ Փաշինյանից». «Եվրոնյուզի» անդրադարձը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցին (տեսանյութ)

«Եվրոնյուզ» հեռուստաալիքի ռուսական ծառայությունն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցին:

Հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել շաբաթօրյա բազմամարդ ցույցից և շեշտել, որ տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ իրենց բողոքը հայտնելու՝ ընդդեմ ներկայիս իշխանությունների: Հրապարակված կադրերում երևում են «Ստախոս» և «Սուրբը չգիդացող, թուրք Նիկոլ» գրառումներով պաստառները:

«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ազատվենք դավաճան Նիկոլ Փաշինյանից»,- ասել է ցույցի մասնակիցներից մեկը եվրոպական հեռուստաալիքին:

Ռեպորտաժում նշվում է, որ Փաշինյանին հեռանալու համար ժամանակ է տրվել մինչև դեկտեմբերի 8-ը:

Ռեպորտաժում նաև մեջբերում է արվում «Հայրենիքի փրկության շարժման» թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթից, որում վերջինս ասում է, որ ինչքան շուտ Փաշինյանը հեռանա, այդքան լավ։

Մանրամասները՝ տեսանյութում։