Զախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»
Նախ՝ մենք սլավոնական բնակչության նկատմամբ հիտլերականների՝ բոլորին հայտնի նվաստացուցիչ հռետորաբանության նման նեոնացիստական կրկնություններն անթույլատրելի ենք համարում ոչ միայն մի երկրի իշխանության ներկայացուցիչների համար, որը հայտարարում է, ինչպես իրենք են ասում, ժողովրդավարությանն իր ջերմեռանդ նվիրվածության մասին, այլև առհասարակ կրթված մարդու համար, որը թեկուզ նվազագույն պատկերացում ունի համաշխարհային պատմության և իր սեփական երկրի, իր սեփական ժողովրդի պատմության մասին։ Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես նա արձագանքել է «իվանների» մասին Շիրակի մարզպետ Առուշ Առուշանյանի հրապարակմանը։
«Պարզապես հիշեցնեմ. նման նվաստացուցիչ իմաստով, իսկ այստեղ կասկած չկա, որ այդ արտահայտությունն օգտագործվել է հենց այդպես, ուրեմն՝ նման նվաստացուցիչ իմաստով «իվաններ» կամ «կարմիր իվաններ» գերմանաֆաշիստական զավթիչներն անվանում էին խորհրդային զինվորներին, ընդ որում, հատուկ ընդգծեմ հենց այդ գործչի համար, առանց տարբերություն դնելու նրանց էթնիկ պատկանելության, ազգության միջև»,- ասել է Զախարովան։
Ըստ Զախարովայի՝ տարբեր գնահատականներով, հենց այն խորհրդային զինվորների թվում, որոնց նացիստներն անվանում էին «իվաններ» կամ «կարմիր իվաններ», կային շուրջ կես միլիոն էթնիկ հայեր, որոնք զորակոչվել էին անմիջապես Հայկական ԽՍՀ-ից և խորհրդային այլ հանրապետություններից։
«Ահա այս գործիչը, որն իրեն թույլ է տվել նման արտահայտություն անել, գուցե անգրագիտությունից, իսկ գուցե՝ չարամտորեն, թեև՝ ոչ. նա մեզ չէ, որ վիրավորել է։ Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին, որովհետև հենց այն զինվորներին, որոնց գերմանացիներն անվանում էին «իվաններ» կամ «կարմիր իվաններ», հրամանատարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանը, որն ինքն իր համար ընտրել էր «Իվան Քրիստափորովիչ» անունը։
«Հովհաննես» կամ «Օհաննես». հենց այսպես է հայերեն հնչում «Իոանն» անունը, որը գալիս է Հովհաննես Մկրտչից։ Եվ հենց դրանից է ծագում նաև «Իվան» անունը, որն այդքան դուր չի եկել հայ մարզպետին։
Դե ինչ, ես նրան կպատմեմ և կխնդրեմ հայ ժողովրդին, որտեղ էլ որ նա ապրի, այս հայտարարությունը նրան հասցնել։ Ես նրան կպատմեմ իր ժողովրդի և իր երկրի պատմության մասին, որովհետև այս առումով մենք մեզ չենք բաժանում»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Գյումրու օրվա առթիվ «Ուժեղ Հայաստանի» կազմակերպած տոնական համերգի վերաբերյալ Շիրակի մարզպետը Facebook-ի իր էջում գրել էր հետևյալը. «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ արտահայտություն «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է ևս մեկ քաղաքական ներկայացում։
Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքր անհարմարություն կա. Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցիները ձեր «Իվանը» չեն։
Հ.Գ. Մենք հյուրասեր ժողովուրդ ենք, մենք բարձր ենք գնահատում մեր հյուրերին։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից վեր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։
Հյուրախաղորդնե՛ր, զգո՛ւյշ եղեք»։
Սրան կտրուկ արձագանքել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։ «Տարակուսանքով ընդունեցինք Շիրակի մարզպետ Դ. Վ. Առուշանյանի՝ Facebook սոցիալական ցանցի անձնական էջում 2026 թվականի հոկտեմբերի 17-ի գրառման մեջ ոմն «իվանների» հիշատակումը, որն ակամա հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։
Չէինք ցանկանա մտածել, որ այն տարածաշրջանը ղեկավարող պաշտոնյան, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմակայանն ու ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային արտահայտությունները, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսաստանցիների նկատմամբ, ինչը հիմնովին կհակասեր մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության ոգուն»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ։

