Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Ամերիկյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև եռակողմ բանակցությունները կընթանան առանց եվրոպացիների մասնակցության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Պայմանավորվել ենք վերսկսել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։

Նրանք (նկատի ունի եվրոպացիներին – խմբագր․) կարող են այնտեղ հայտնվել, եթե տոմսեր գնեն։ Սակայն որևէ մեկը չի պատրաստվում նրանց հրավիրել բանակցային սեղանի շուրջ», – նշել է նա։

Ուշակովը նաև բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք եվրոպացիների մասնակցության հնարավորությունը քննարկվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում։