Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցել
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով, հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից․
«Հայաստանի և Սլովենիայի նախարարները հանդես են եկել բացման ելույթներով՝ ընդգծելով առկա տնտեսական ու գործարար կապերի զարգացման համար ստեղծված նպաստավոր բազում նախադրյալները և հնարավորությունների առավելագույնս իրացման հարցում երկու կառավարությունների քաղաքական աջակցությունը։
Համաժողովին մասնակցում են առաջատար տեխնոլոգիաների, ավիացիայի, արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և ներդրումների ոլորտների հայկական և Սլովենիայի ԱԳ նախարարի պատվիրակությանն ուղեկցող սլովենական ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովի բացմանը հաջորդել է երկու կողմերից մասնակցող գործարարների ծանոթացում, Հայաստանում և Սլովենիայում գործարար միջավայրի ներկայացում, ինչպես նաև գործարար շրջանակների միջև հանդիպումներ:
Հոկտեմբերի 30-ին ֆորումի աշխատանքները կշարունակվեն նաև բիզնես-կառավարություն ձևաչափով հանդիպումներով, որոնք ընկերություններին հնարավորություն կտան շփվելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ և քննարկելու Հայաստանում բիզնես ծավալելուն առնչվող գործնական հարցեր:
Նախարար Միրզոյան. «Ինչպես գիտեք, անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո իմ երկիրը ջանք չի խնայում՝ տարածաշրջանը վերածելու խաղաղության խաչմերուկի՝ հիմնված տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության ու փոխադարձ շահի վրա: Նայելով քարտեզին՝ ակնհայտ է դառնում, որ խաչմերուկի այս դերը ոչ մի դեպքում չի սահմանափակվում միայն մեր տարածաշրջանով․ ընդհակառակը, այն ընձեռում է նոր հնարավորություններ Եվրոպայից դեպի Ասիա և հակառակ ուղղությամբ:
Հիմա, երբ միջազգային առևտուրը ներառված է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մանդատում, տնտեսական դիվանագիտությունը դարձել է մեր աշխատանքի առավել կարևոր առաջնահերթություններից: Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնես ոլորտին՝ նոր շուկաներ մուտք գործելու և միջազգային գործընկերություններ զարգացնելու ուղղությամբ:
Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովում է նպաստավոր միջավայր՝ մեր համագործակցության ընդլայնման համար․ 2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 7․3%-ով՝ նոր հնարավորություններ բացելով միջազգային բիզնեսների համար:
Հայաստանում սլովենական կապիտալով արդեն իսկ գործող 19 ընկերություններն ամուր հիմք են ստեղծում՝ ներդրումային ավելի հաստատուն գործընկերություն կառուցելու համար: Մեր նպատակն է այս ոգևորիչ զարգացումները վերածել առևտրային ավելի շոշափելի հոսքերի, նոր ներդրումների և մեր գործարար համայնքների միջև երկարաժամկետ համագործակցության»։

