Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարի կշարունակի իր առաքելությունը՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարով վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Համագործակցության շարունակությունը պաշտոնապես ազդարարվել է այսօր՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում անցկացված «Գործելով միասին՝ հանուն երեխաների և բնության պաշտպանության» խորագրով միջոցառման շրջանակում։ 

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, վերանշանակման արարողությանը հաջորդել է պանելային քննարկում՝ նվիրված սպորտի, կենսաբազմազանության և կրթության փոխկապակցվածությանը, ինչպես նաև երեխաների ու երիտասարդների համար առողջ, անվտանգ և կայուն միջավայրի ապահովմանը։

Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը և Արթուր Ալեքսանյանը։

Իր ելույթում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարևորել է սպորտի, կրթության և շրջակա միջավայրի պաշտպանության փոխկապակցվածությունը՝ ընդգծելով երեխաների համար առողջ, անվտանգ միջավայրի ապահովման և նրանց մասնակցությամբ որոշումների կայացման անհրաժեշտությունը։ «Եթե ուզում ենք, որ երեխաները մեծանան ուժեղ, առողջ և վստահ, պետք է նրանց ապահովենք ոչ միայն սպորտով զբաղվելու հնարավորությամբ, այլև որակյալ կրթությամբ և մաքուր, անվտանգ միջավայրով»,- նշել է Արթուր Ալեքսանյանը՝ կարևորելով նաև կլիմայական մարտահրավերների հաղթահարման գործում երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլն ընդգծել է ազգային դեսպանների դերը երեխաների իրավունքների պաշտպանության և երիտասարդներին ոգեշնչելու գործում: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը շարունակական համագործակցության համար։