Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է

Արթուր Դանիելյանը ձերբակալվել է խուլիգանության հոդվածով։ Ամենայն հավանականությամբ կալանքի կտանեն։ Հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Աթուր Դանիելյանը ձերբակալվում է` դատարան ներկայացնելու համար (կալանք): Մեղսագրվում է միջին ծանրության արարք` 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (խուլիգանություն)` ՖԲ գրառման համար»,- գրել է փաստաբանը։

ՔԿ մամուլի ծառայությունից էլ նշում են, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նա ձերբակալվել է։

Հիշեցնենք՝ «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե: Դանիելյանը գործը կապել էր Ադրբեջանի կողմից իր հասցեին հնչող սպառնալիքների և իր նախկին հայտարարությունների տարածման հետ՝ պնդելով, որ իր նկատմամբ քրեական վարույթը Բաքվից տրված հանձնարարականի հետևանք է։