ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հուլիսի 22-ին հաստատել է օրինագիծը, որը մինչև 2027 թվականը ԱՄՆ զինված ուժերին կհատկացնի 1.15 տրիլիոն դոլար:
Օրինագիծն ընդունվել է Ներկայացուցիչների պալատում՝ 216 կողմ, 212 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Դեմոկրատները դեմ են արտահայտվել Պենտագոնի համար նախատեսվող այդքան մեծ ֆինանսավորմանը՝ նշելով, որ միևնույն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը և հանրապետականները կրճատում են սոցիալական ծրագրերի ծախսերը։
Նրանք նաև քննադատել են Իրանի դեմ շարունակվող պատերազմը, որի արժեքը, ըստ Պենտագոնի տվյալների, մինչ այժմ կազմել է 37,5 միլիարդ դոլար։
Հանրապետականները հայտարարել են, որ տրիլիոն դոլարի ֆինանսավորումն անհրաժեշտ է զինված ուժերին աջակցելու համար՝ Իրանում ռազմական գործողությունների իրականացման, պաշտպանական համակարգերի զարգացման, սպառազինությունների ձեռքբերման, ինչպես նաև զինծառայողների սոցիալական ապահովության համար։ Փաթեթը ներառում է զինվորականների աշխատավարձերի մինչև 7% բարձրացում, ինչպես նաև զորանոցների և զինծառայողների ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրեր։
Օրինագիծը այժմ կուղարկվի ԱՄՆ Սենատ։ Այնտեղ հաստատման համար կարող է բախվել դժվարությունների, քանի որ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Սենատում անհրաժեշտ է առնվազն 60 սենատորի աջակցություն։
Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մեկ այլ օրենսդրական նախաձեռնության, որը նախատեսում է 95 միլիարդ դոլարի հատկացում։ Դրանցից 73 միլիարդ դոլարը նախատեսվում է հատկացնել Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորմանը։ Այս փաստաթուղթը նույնպես կուղարկվի Սենատի քննարկմանը։
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է լայնածավալ հարվածները Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով Թեհրանին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մեջ։

