Քաղհասարակությունը սպիտակ առյուծի անկման գործով անկախ հետաքննություն է պահանջում
Քաղաքացիական հասարակությունը պահանջում է իրականացնել անկախ փորձաքննություն՝ պարզելու հուլիսի 6-ին գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված սպիտակ էգ առյուծի անկման պատճառը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց։ Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել է 30 միլիոն ՀՀ դրամ։
Այս գործողությունների ընթացքում առյուծները և վագրը քնեցվել են, որպեսզի տեղափոխվեն Երևանի կենդանաբանական այգի, սակայն սպիտակ էգ առյուծը քնեցումից չի արթնացել։
Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն տարածեց, ըստ որի առյուծի անկման պատճառը պայմանավորված է մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով՝ ինչն արձանագրված է հերձման ակտով։
«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է», – նշված է Երևանի կենդանաբանական այգու հայտարարության մեջ։
Սակայն քաղաքացիական հասարակությունը բավարարված չէ այս պարզաբանմամբ և պահանջում է անկախ հետաքննություն և փորձաքննություն։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է, որ Հայաստանում վայրի կենդանիների պահպանությունը կարգավորվում է օրենսդրությամբ, նրանք նաև պաշտպանված են միջազգային փաստաթղթերով, և այս դեպքի կապակցությամբ սպառիչ պատասխան կարող է տալ միայն անկախ մասնագիտական փորձաքննությունը։
«Էկոլոգիական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը դիմում է կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպություններին՝ աջակցելու կոչով․
- անցկացնել անհապաղ անկախ, թափանցիկ, անաչառ և համակողմանի հետաքննություն՝ պարզելու սպիտակ էգ առյուծի անկման բոլոր հանգամանքները
- հրապարակել անասնաբուժական փորձաքննության արդյունքները, կիրառված անզգայացման արձանագրությունը և տեղափոխման գործընթացին վերաբերող ամբողջ փաստաթղթավորումը
- կատարել համակողմանի գնահատում՝ պարզելու, թե արդյոք տեղափոխման բոլոր փուլերում լիարժեք պահպանվել են կենդանիների բարեկեցության միջազգային ճանաչված չափանիշները և անասնաբուժական լավագույն մասնագիտական գործելակերպերը
- մշակել և ներդնել հստակ ազգային արձանագրություններ, որոնք կապահովեն, որ վայրի կենդանիների բարեկեցությունը լինի առաջնահերթություն նրանց ցանկացած հետագա տեղափոխման, փրկարարական գործողությունների կամ առգրավման ընթացքում։

