Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա
«Մենք ուսումնասիրեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հունիսի 25-ին Հայաստանի կառավարության նիստում, ինչպես նաև լրագրողների հետ հետագա զրույցի ժամանակ։ Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը զրույցը շեղում է դեպի դեմագոգիայի դաշտ, ինչպես արդեն արել է ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցության սառեցման հետ կապված»,- այս մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում։
Զախարովայի խոսքով, սակայն Փաշինյանն անպատասխան է թողել գլխավոր հարցը։
«Մասնավորապես, ինչպե՞ս կարելի է 2025 թվականին ընդունել «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, բազմիցս պնդել, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է, 2026 թվականի մայիսին ԵՄ-ի հետ համատեղ հռչակագրեր ստորագրել, որոնցում թվարկված են հանրապետությունն այս միությանը մերձեցնելու կոնկրետ քայլեր, և միաժամանակ հայտարարել ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ մնալու իր մտադրության մասին։
Ըստ էության, թվում է, թե Միության շրջանակներում Երևանի գործունեությունը ընդամենը ժամանակավոր միջոց է՝ եվրոպական դաշինքին անդամակցելու համար, որի չափանիշներն ու կանոնները հիմնովին տարբերվում են ԵԱՏՄ-ից, և որը, ավելին, Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում։ Նման վարքագիծը չի կարող համարվել ԵԱՏՄ-ին բարեխիղճ անդամակցություն»,-ասել է Զախարովան։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից մայիսի 29-ին Աստանայում ընդունված հայտարարության մասին, որը հստակ նշում է, որ Երևանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղին էական ռիսկեր է ստեղծում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար։ Փաստաթղթում ընդգծվում է ԵԱՏՄ անդամ պետություններին հասցվող ցանկացած վնաս կանխելու անհրաժեշտությունը։
«Ինչպես նշվում է Հայտարարության մեջ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը կներկայացվի 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստում։ Չորս երկրների ղեկավարները նաև միասնական դիրքորոշում են հայտնել հանրապետությունում հնարավորինս շուտ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։
Հետևաբար, Երևանի՝ ռազմավարական ընտրության վերաբերյալ հարցին, ինչպես կոչ է անում անձամբ Ն.Վ. Փաշինյանը, անհրաժեշտէ պատասխանել, և հնարավորինս շուտ»,-ասել է Զախարովան։

