ԵԽ ղեկավարը հակադարձել է Ալիևին
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հիշեցնենք, որ Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի իր տեսաուղերձում ադրբեջանցի առաջնորդը մի շարք դժգոհություններ էր հայտնել Եվրախորհրդարանի (ԵԽ) և ԵԽԽՎ-ի հասցեին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված բանաձևերի ընդունման համար։
Ալիևի ելույթից հետո խոսք խնդրելով՝ ԵԽ նախագահն ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը ժողովրդավարական մարմին է և բաղկացած է ընտրված ներկայացուցիչներից։ Նրանք բանաձևերն ընդունում են ձայների մեծամասնությամբ։ «Այդ բանաձևերը կարող են անհարմարություններ ստեղծել շատերի համար, սակայն մենք երբեք չենք փոխում մեր աշխատանքի մեթոդներն ու որոշումները»,- շեշտել է Ռոբերտա Մեցոլան։

