Որոնք են գարնանային ամենատարածված ալերգիկ հիվանդությունները
Գարունը հազարավոր մարդկանց համար ալերգիկ հիվանդությունների սրման սեզոն է։ Օդում կտրուկ ավելանում է տարբեր ծաղկափոշու քանակը, ինչը սեզոնային ալերգիաների հիմնական պատճառներից է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ մարդ կյանքի ընթացքում ունենում է ալերգիկ հիվանդություն, և դրանց տարածվածությունը շարունակում է աճել։
ԱՆ խորհրդատու ալերգոլոգիայի գծով Արմինե Հակոբյանը ներկայացրել է, թե որո՞նք են գարնանային ամենատարածված ալերգիկ հիվանդությունները
- Ալերգիկ ռինիտ` հաճախակի փռշտոցներ, քթի քոր և փակվածություն, քթահոսություն
- Ալերգիկ կոնյուկտիվիտ` աչքերի քոր և կարմրություն, արցունքահոսություն, ավազի զգացում
- Բրոնխիալ ասթմայի սրացումներ` շնչահեղձություն , սուլոց շնրառություն, գիշերային կամ երկարատև հազ
- Մաշկային ալերգիաներ` քոր, ցան, եղնջացան, մաշկի չորություն և գրգռվածություն։
Այս ախտանիշները կարող են ազդել քնի, աշխատունակության, երեխաների ուսման և ընդհանուր կյանքի որակի վրա։
Ե՞րբ կարող է ալերգիան դառնալ վտանգավոր
Որոշ դեպքերում ալերգիան կարող է առաջացնել անաֆիլաքսիա՝ կյանքին վտանգ սպառնացող վիճակ։ Զգուշացնող նշաններն են՝ շնչառության դժվարացում, կոկորդի կամ լեզվի այտուց, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ, արյան ճնշման կտրուկ անկում: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել շտապ օգնության։
Ինչպե՞ս նվազեցնել գարնանային ալերգիայի ազդեցությունը
- Քամոտ և չոր օրերին սահմանափակեք երկար զբոսանքները
- Դրսից տուն մտնելիս փոխեք հագուստը և լվացվեք
- Լվացեք մազերը երեկոյան՝ ծաղկափոշին հեռացնելու համար
- Օդափոխեք տունը անձրևից հետո կամ երեկոյան ժամերին։
«Մի զբաղվեք ինքնաբուժմամբ։ Հակաալերգիկ դեղերի սխալ օգտագործումը կարող է անարդյունավետ լինել կամ առաջացնել կողմնակի ազդեցություններ։
Ախտանիշների առկայության դեպքում դիմե՛ք մասնագետի։
Ժամանակակից բժշկությունն առաջարկում է արդյունավետ բուժում, իսկ ճիշտ ընտրված թերապիան թույլ է տալիս լիարժեք վերահսկել հիվանդությունը և պահպանել ակտիվ կյանքը»,- նշում է Արմինե Հակոբյանը։

