Գերմանիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ ապրիլի 27-ին կանչել է Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի դեսպան Գրաֆ Լամբսդորֆին։
Դեսպանին վճռական բողոք է ներկայացվել վերջերս Կիևում՝ Զելենսկու վարչակազմի աջակցությամբ անցկացված հանդիպման կապակցությամբ։ Հանդիպումը տեղի է ունեցել Բունդեսթագի պատգամավոր, իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության միջազգային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Կիզևետերի և Ռուսաստանում արգելված «Իչկերիայի Չեչնիայի Հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար, միջազգային հետախուզման մեջ գտնվող Ա. Զակաևի միջև։
Գերմանացի պատգամավորը ողջունել է Բելգորոդի և Կուրսկի մարզերում իրականացված դիվերսիոն գործողություններին ակտիվորեն մասնակցած կազմակերպության ահաբեկիչների հակառուսական գործունեությունը, և նրանց կոչ է արել ակտիվ համագործակցել Գերմանիայի հետ։ Այդ համագործակցությունը ներառում է նաև Գերմանիայում բնակվող ռուսաստանցի ռելոկանտների հավաքագրումը՝ նպատակ ունենալով գործողություններ իրականացնել Ռուսաստանի Դաշնությունում հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար։
Մոսկվան Գերմանիայի խորհրդարանի պատգամավորի հանդիպումը հանցագործների հետ դիտարկում է որպես անհերքելի ապացույց այն բանի, որ գերմանական իշխանությունները նպատակաուղղված են միջամտելու Ռուսաստանի ներքին գործերին և սպառնալիքներ ստեղծելու ազգային անվտանգության համար, ներառյալ՝ Կիևի հանցավոր ռեժիմի հովանու ներքո գործող ահաբեկչական կառույցների հետ փոխգործակցության միջոցով։
Գերմանական կողմը նախազգուշացվել է նմանատիպ գործողությունների կործանարար հետևանքների մասին։ Ռուսաստանի նկատմամբ թշնամական քայլերն անխուսափելիորեն համապատասխան հակահարված կստանան։

