Մարտիրոս Սարյանի նամակը՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելուն
Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակն է:
Այդ առիթով ներկայացնում ենք Մարտիրոս Սարյանի նամակներից մեկը՝ գրված ակադեմիկոս Հովսեփ Օրբելուն:
15.06.1946թ. Մոսկվա
Սիրելի Հովսեփ Աբգարովիչ
իմ ցանկությունը՝ գալ Լենինգրադ, հանդիպել Ձեզ հետ և տեսնել էրմիտաժը, չկայացավ մի քանի պատճառներով, որոնցից գլխավորն իմ վատառողջ լինելն է: Մինչև օրս ես Մոսկվայում եմ:
Գոնե նամակի ձևով չեմ կարող Ձեզ հետ չկիսվել իմ նվիրական մտքերով, որոնք վերջին շրջանում ինձ համար տանջանք են դարձել: Դա Հայաստանի նյութական մշակույթի մնացորդների հետագա ճակատագրի հարցն է՝ տարբեր դարաշրջանների դասական մշակույթի այն մնացորդների, որոնք իրենցից ներկայացնում են ոչ մեկին պիտանի «աղբի» կույտ:
25 տարիների ընթացքում իրագործվել է մեր պատմության իրեղեն ապացույցների պահպանումը վերջնական կործանումից: Դուք գիտեք, թե ինչքան բան արդեն անվերադարձ կործանվել է:
Տգետ մարդիկ առանց որևիցե խղճի խայթի ոչնչացնում են դրանք: Ի՞նչ կարելի է նրանցից սպասել: Տգիտությունը միշտ մնում է տգիտոլթյուն: Ես ավելի քան վստահ եմ, որ եթե Ձեր եռանդը և անհատնում էներգիան ծախսվեն այս գործի վրա, ապա գիտության և արվեստի ողջ աշխարհը կհարստանար բազմաթիվ նոր հայտնագործություններով, գետնի տակից ամեն մի նոր առարկայի, նոր ցուցանմուշի հայտնությունն ավելի բարձրաձայն կհնչեր ամբողջ աշխարհով մեկ, իսկ Ձեր անունը կդասվեր մեր ժողովրդի և ողջ մարդկության մեծագույն անունների շարքում: Դուք կբացահայտեիք մի հրաշալի աշխարհ՝ դասական գեղեցկության մոռացված աշխարհն այն հերոսական ժողովրդի, որի զավակն եք և Դուք: Կարելի՞ է արդյոք հանդուրժել ներկա դրությունը հետագայում ևս: Ավելի խորը մտածեք, դիմեք կրքով լի Ձեր սրտին: Ես դիմում եմ Ձեր այդ սրտին, որը ես զգացի 1929թ. Ախուրյանի հին, քարքարոտ ափերով ճամփորդելիս՝ Դուք, Կամիլլա Վասիլևնան և ես: Թուրքիային անցած Ախուրյանի հակառակ ափին փռված էին Ձեր սրտին այնքան բան ասող Անիի ավերակները: Դուք չդիմացաք և երեխայի պես սկսեցիք հեկեկալ: Այդ ցավը զգացինք և մենք: Այն համահունչ էր և մեր սրտերին: Այն իմ մոտ վերքի վերածվեց:
Սիրելի Իոսիֆ Աբգարովիչ: Դուք տարված եք էրմիտաժի հարուստ հավաքածուներով և պալատի սքանչելի դահլիճներով, բայց միթե՞ դա Ձեզ իրավունք է տալիս մոռանալ Գառնիի հիասքանչ բնապատկերը, որ պալատներից ավելի վեհ է ու հիանալի, ուր ճակատագրի բերումով կուտակվել են այլ բնույթի թանգարանային արժեքներ, որոնք կարիք ունեն մի այլ տեսակի ցուցադրման:
Աչխարհը կգա, կտեսնի ու կզարմանա մեր նախնիների ստեղծագործական թափով ու վեհությամբ:
Սիրելի Իոսիֆ Աբգարովիչ, փորձեք դուրս պրծնել և մոտակա ամսին գալ Հայաստան: Եկեք կազմակերպենք Գառնիի էրմիտաժը, ժամանակը չի համբերում, կսպասեմ Ձեզ: Գրկում ամուր, համբուրում եմ Ձեզ:
Ռուզան Սարյան, Մ. Սարյանի անտիպ նամակներից (Ծննդյան 125-ամյակին), «Պատմա-բանասիրական հանդես» N 1, Ե., 2005, էջ 259-274:

