Բաքուն օկուպացրած Ստեփանակերտի հայկական եկեղեցիներն անվանել է «ապօրինի կառույցներ»
«Կովկասի մուսուլմանական վարչություն» կոչվածը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ եկեղեցիները քանդելու վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Trend-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակահատվածում Խանքենդիում ապօրինի կերպով կառուցված երկու կառույցների քանդումը ոչ մի դեպքում չի կարող ներկայացվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Այսպես, 2023 թվականին իր տարածքների նկատմամբ ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո Ադրբեջանը պահպանում էր այդ ապօրինի կառույցները՝ օկուպացիայի խորհրդանիշները, իրենց այն ժամանակվա վիճակում։ Սակայն վերջին ամիսներին նախկինում հարկադիր տեղահանվածները, ովքեր զանգվածաբար վերադառնում են իրենց հայրենի հողեր, բազմիցս դիմել էին պետական մարմիններին և տեղական դատարաններին՝ պահանջելով քանդել բոլոր այն կառույցները, որոնք գոյություն չէին ունեցել այդ տարածքներում մինչև օկուպացիան»:

