ԵԽ-ն ընտրեց Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահին

Եվրոպական խորհրդարանն ընտրեց Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահին և երկու փոխնախագահներին։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ պատվիրակության նախագահ ընտրվեց լատվիացի պատգամավոր Նիլս Ուշակովսը։ Ֆրանսիացի եվրախորհրդարանական Նատալի Լուազոն և լեհ պատգամավոր Միխալ Շտերբան ընտրվեցին պատվիրակության փոխնախագահներ։

Հարավային Կովկասի պատվիրակության նախագահը մեծ պատիվ համարեց այս պաշտոնը ստանձնելը և շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Նշելով, որ տարածաշրջանը բազմաթիվ հակամարտությունների թատերաբեմ է եղել՝ նա ընդգծեց, որ հիմա գոյություն ունի աշխարհաքաղաքական նոր միջավայր, որն անմիջական ազդեցություն ունի ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա։ «Հարավային Կովկասն ունի տնտեսական, ռազմավարական և տնտեսական ներուժ, և կարևոր է ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունն անվտանգության, օրենքի գերակայության և հանրային ազատությունների ոլորտներում։ Ես կաշխատեմ ձեզ հետ Հարավային Կովկասի ավելի բարեկեցիկ ապագայի համար», – ընտրվելուց հետո Եվրոպական խորհրդարանի իր գործընկերներին ասաց Նիլս Ուշակովսը։

Փոխնախագահներ Լուազոն և Շտերբան ևս իրենց պաշտոնների ստանձնումը  մեծ պատիվ համարեցին։