Աֆղանստանը ղեկավարելու է 12 անձից կազմված խորհուրդը

Աֆղանստանը ղեկավարելու է 12 անձից կազմված խորհուրդը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի նոր իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը:

Ինչպես նշվում է, այն կազմված է լինելու «Թալիբան» ծայրահեղական շարժաման ներկայացուցիչներից, մասնավորապես, խորհրդի կազմում ընդգրկվելու են Աբդուլ Ղանի Բարադարը, մուլլա Յակուբը:

Խորհրդի անդամների շարքում տեղ կգտնեն նաև «Հաքքանի» ցանց ահաբեկչական խմբավորման ղեկավար Հալիլ ալ-Ռահման Հաքքանին, երկրի նախկին նախագահ Համիդ Քարզայը, ԱԳ նախարար Հանիֆ Աթմարը, Ազգային համաձայնության խորհրդի ղեկավար Աբդուլլա Աբդուլլան, «Աֆղանստանի իսլամական կուսակցության» առաջնորդ Գուլբեդդին Հեքմաթիյարը:

Մնացել է համաձայնեցնել 5 թեկնածուի: Գործակալության զրուցակցի խոսքով՝ նրանց թվում չի լինելու երկրից փախած նախագահ Աշրաֆ Ղանին:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պարագայում սահմանադրության համաձայն՝ ինքն է ստանձնում ղեկավարի պարտականությունները: Վերջինս կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին: