Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ընտանեկան բռնության վերաբերյալ Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։ Նախաձեռնությունը ներկայացրել է համահեղինակ Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը և ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննություն։

Նախագծերի լրամշակված փաթեթով առաջարկվում է վերացնել նախազգուշացումը որպես պաշտպանության միջոցի տեսակ՝ նկատի ունենալով, որ այն չի ենթադրում գործուն և արդյունավետ պաշտպանական միջոցառումների իրականացում, սահմանափակումների կիրառում, այլ ենթադրում է բռնություն գործադրած անձի նախազգուշացումը ոստիկանության ծառայողի կողմից։ Առաջարկվում է բռնություն գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելը դարձնել պարտադիր բոլոր պայմաններում, ոչ միայն պաշտպանական որոշման, այլ նաև անհետաձգելի միջամտության որոշման կայացման պարագայում։ Նախատեսվում է, որ անհետաձգելի միջամտության որոշումը կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ ընտանիքի անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում կիրառվել է մեկից ավելի անգամ բռնություն։ Հստակեցվում է, որ անհետաձգելի միջամտության որոշման բացակայությունը կամ դրա ուժի մեջ մտնելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը։ Սահմանվում է, որ ահազանգի հիման վրա լիազորություններն իրականացնելիս ոստիկանության ծառայողը պարտավոր է օգտագործել շարժական տեսանկարահանող կամ լուսանկարող տեխնիկական միջոցներ: Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում ընտանիքում և կենցաղային հարաբերություններում մարդու դեմ ուղղվող հանցագործությունները նախատեսել առանձին գլուխներով և դրանց համար սահմանել ավելի ծանր պատիժ, քան ներկայում է։ Ընդլայնվում է ընտանիքի անդամի կողմից ֆիզիկական և հոգեկան ներգործության հանցակազմը։ Առաջարկվում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքում բացառել քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով։ Այս կետերից բացի մշակվել են փաթեթի շատ այլ դրույթներ։

Զարուհի Բաթոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ կարևորելով փաթեթի ընդունման անհրաժեշտությունը։

Հարակից զեկույցում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է օրենսդրական նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնվել է լայնածավալ արշավ ընտանեկան բռնության մասով, և օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է այդ նախաձեռնության շրջանակում։ Նախարարը նշել է, որ Կառավարությունը փորձել է հնարավորինս օժանդակել այս նախաձեռնությանը։ Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Կառավարության կարծիքը փաթեթի վերաբերյալ դրական է, ներկայացված առաջարկները վերաբերել են փաթեթի կատարելագործմանը։ Նախարարը ներկայացրել է մի շարք վիճակագրական տվյալներ, որոնք փաստում են, որ նախազգուշացումներից հետո ևս բռնության դեպքերը կրկնվել են։

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները՝ փաստելով, որ որոշ ընտանիքներում, իսկապես, կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։

Ելույթ ունենալով՝ Լիլիթ Գալստյանը հայտնել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է շտապողականություն չդրսևորել և հիմնովին լրամշակել օրենսդրական փաթեթը, որում, ըստ իրենց, առկա են իրավական անհստակություններ և վիճահարույց դրույթներ։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը խմբակցության անունից ելույթ ունենալով՝ նշել է, որ մեր երկրում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ծառայությունների առկայությանը։ Ըստ նրա՝ աշխատանք չի տարվում բռնություն գործադրած անձանց հետ փոխելու համար նրանց վարքագիծը։ Նա բացասական է գնահատել քննարկվող փաթեթը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն իր ելույթում նշել է, որ փաթեթը վերաբերում է ընտանիքի անդամների պաշտպանվածությանը և առողջ մթնոլորտին։ «Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները կոչված են ավելի արդյունավետ դարձնելու պաշտպանված միջոցների կիրառումը, հստակեցնելու պետական մարմինների արագ արձագանքման մեխանիզմերը և ապահովելու, որ մեր հասարակության մեջ որևէ մեկն իրեն չպաշտպանված չզգա»,- նշել է նա՝ բոլոր գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին։

Եզրափակիչ ելույթներում հիմնական և հարակից զեկուցողները վերստին ընդգծել են փաթեթի՝ օր առաջ ընդունման անհրաժեշտությունը, որը, ինչպես նշել է Զարուհի Բաթոյանը, կարող է կյանքեր և ճակատագրեր փրկել։

Քվեարկության արդյունքում հարցն ընդունվել է առաջին ընթերցմամբ։