Միգուցե ճիշտ հակառա՞կը՝ հե՛նց ԱՄՆ-ը ոչնչացնելո՞վ խաղաղություն կհաստատվի ամբողջ աշխարհում

Թրամփը բացատրությունը, թե ինչու է ցանկանում ոչնչացնել Իրանը. ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատել հնարավոր է միայն Իրանը ոչնչացնելով

 

Հարցազրուցավարը Թրամփին հիշեցրել է, որ նա իրեն «խաղաղության նախագահ» է անվանում, և հարցրել է, թե ինչպե՞ս կարող է նման կարգավիճակ ունեցող մարդը ցանկանալ մի ամբողջ երկրի ոչնչացում։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը խոստացել էր ոչնչացնել Իրանը:

Ամբողջ աշխարհում խաղաղության կարելի է հասնել միայն Իրանը ոչնչացնելով։ Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, РБК-ի փոխանցմամբ, հայտարարել է «Time» ամսագրին տված հարցազրույցում։

Լրագրողը ամերիկացի առաջնորդին հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած իր ելույթում նա սպառնացել է «ոչնչացնել» Իրանը։ Այդ կապակցությամբ Թրամփին հարց են տվել, թե ինչպես կարող է նման հայտարարություններ անել, եթե իրեն անվանում է «Խաղաղության նախագահ»։

«Քանի որ Իրանը ոչնչացնելով, մենք խաղաղություն կհաստատենք ամբողջ աշխարհում,- պարզաբանել է Թրամփը:- Ես չեմ կարծում, որ Իրանի հետ դուք երբևէ խաղաղություն կունենաք»:

ԱՄՆ-ի նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ն ունի բազմաթիվ զենքեր, որոնք կուտակել է վերջին կես տարում, և հնարավոր է համարել Իրանի վրա հարձակումների վերսկսումը նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո: ԱՄՆ-ի առաջնորդը, սակայն, անտեսել է, որ վերջին կես տարում Իրանը նույնպես ձեռքերը ծալած չի նստել, ավելին՝ ոչ միայն արտադրել, կուտակել, այլև ստեղծել է նոր, պատերազմում դեռ չկիրառված զենքեր:

Սեպտեմբերին «Fox News» հեռուստաալիքը հայտնել էր, որ Թրամփը գտնվում է Իրանի շուրջ իրավիճակի վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացում և «մոտ ապագայում շատ լուրջ իրադարձություններ է ակնկալում»: Նախագահի խոսքով՝ ինքը դիտարկում է Իրանի նկատմամբ գործողությունների մի քանի տարբերակ՝ երկրի ոչնչացում, տնտեսական ճնշման ուժեղացում կամ գործարքի կնքում:

«Հարցը նրանումն է, թե հատկապես ե՞րբ ինձ հարկ կլինի ոչնչացնել ամբողջ երկիրը, այնպես որ, նրանք ավելի լավ է, իրենց պարկեշտ պահեն»,- ԱՄՆ-ի նախագահի խոսքը մեջբերել է հեռուստաալիքի թղթակիցը:

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ի առաջնորդն ընդգծել էր, որ իրանական տնտեսությունը վատ վիճակում է, և հերթական անգամ ստելով կամ առնվազն չափազանցնելով, հայտարարել, թե Իրանն այլևս չունի ռազմածովային նավատորմ, ռազմաօդային ուժեր և ՀՕՊ համակարգեր, իսկ երկիրն ինքնին փաստացի ավերված է:

«The Wall Street Journal»-ը վերջերս գրել էր, որ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու և տարածաշրջանում ռազմական գործողությունները յոթ օրով դադարեցնելու Իրանի առաջարկը: Թերթի տվյալներով՝ աշխատակիցների հետ մասնավոր զրույցներում ԱՄՆ-ի նախագահը կասկած է հայտնել, որ Իրանը կկատարի իր պահանջները և հայտարարել է, որ հավանական է համարում ռմբակոծությունների վերսկսումը Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից հետո:

ԱՄՆ-ն Իրանը կարող է ոչնչացնել միայն միջուկային զենքի գործադրմամբ: Իսլամական Հանրապետությունում Թրամփի վերոնշյալ սպառնալիքը հավանաբար միանգամայն լուրջ են ընդունել, ինչի մասին է հուշում Իրանի արտգործնախարարության երեկվա հայտարարությունը:

Ինչպես, РБК-ի փոխանցմամբ, հաղորդել է Իրանի գլխավոր պետական պաշտոնական IRNA լրատվական գործակալությունն իր տելեգրամյան ալիքում, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի քաղաքական շրջանակներում լուրջ քննարկումներ են ընթանում միջուկային զենքի չտարածման մասին (ՄԶՉՄ) պայմանագրից երկրի դուրս գալու հարցի շուրջ:

«Սա շատ լուրջ հարց է, որը քննարկվում է Իրանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:- Իրանը 1970 թվականից ի վեր հանդիսանում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից և, լինելով իր պարտավորությունները լիովին կատարող կողմ, հարձակման է ենթարկվել»:

Բաղային նշել է, որ ՄԶՉՄ պայմանագրի անդամ երկրները պետք է հնարավորություն ունենան օգտվել դրա առավելություններից և իրացնել իրենց իրավունքները, այլ ոչ թե մշտապես ենթարկվեն ճնշումների և հարձակումների:

Նա նաև ընդգծել է, որ սա լուրջ հարց է, իսկ ԱԳՆ-ն հետևում է իրավասու պետական մարմինների որոշումներին: Ընդ որում, նրա խոսքով, Իրանը մնում է ՄԶՉՄ պայմանագրի անդամ և գիտակցում է իր պարտավորությունները այնքան ժամանակ, քանի դեռ պահպանում է իր անդամակցությունը պայմանագրին:

Սեպտեմբերի վերջին Իրանի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ տեղյակ լինելով Թրամփի հույժ վտանգավոր պլանների մասին, հայտարարել էր այն մասին, որ մտադիր է քննարկել ՄԶՉՄ պայմանագրից երկրի դուրս գալու առաջարկը: Խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը հայտնել էր, որ համապատասխան նախագիծը քննարկման փուլում է: Նրա խոսքով՝ խորհրդարանը կուսումնասիրի նաև պայմանագրից հնարավոր դուրս գալու միջազգային ասպեկտները: Ավելի վաղ Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահության ներկայացուցիչ Աբբաս Գուդարզին նույնպես հայտարարել էր, որ ՄԶՉՄ պայմանագրից Իրանի դուրս գալը «միանգամայն իրական և հեշտ իրագործելի քայլ է»:

Ինչպես նշել ենք ավելի վաղ, վերոնշյալ պայմանագրից դուրս գալուց հետո Իրանի ձեռքերը միջազգային իրավունքի տեսանկյունից լիովին ազատ կլինեն միջուկային զենքի ստեղծման համար, ինչը, հավանաբար, տեղի կունենա շատ արագ: ԱՄՆ-ի կողմից Իրանի համար աղետալի հետևանքներ ունեցող միջուկային զենքի կիրառմանն Իրանի միջուկային պատասխանն, իր հերթին, աղետալի հետևանքներ կունենա ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Եվրոպայում ամերիկյան ռազմաբազաների համար:

 

Արթուր Հովհաննիսյան

 

Թեմայի հետ կապված կարող եք կարդալ նաև մեր հետևյալ հրապարակումները՝

Իրանը նվաստացրել է ԱՄՆ-ին՝ որսալով նրա ստորջրյա գաղտնի դրոնը 

Վերջին մարտից առաջ. Իրանը սպանիչ պատասխան է պատրաստում ԱՄՆ-ի նոր հարվածին 

ԱՄՆ-ն այլ ծրագրեր էլ ունի, հավանաբար, Իրանի դեմ մարտավարական միջուկային զենքի կիրառում 

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը չի կարող ավարտվել այլ բանով, քան կողմերից մեկի պարտությամբ. ամերիկագետ Դմիտրի Դրոբնիցկի 

«Եթե ԱՄՆ-ը նորից գնա ռազմական լուծումների ճանապարհով, մենք պատրաստ ենք ավելի լավ, քան երբևէ». Իրանի արտգործնախարար