Վերջին մարտից առաջ. Իրանը սպանիչ պատասխան է պատրաստում ԱՄՆ-ի նոր հարվածին

«Թրամփի վիճակը շատ բարդ է… սպառնալիք կա մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման». Կնուտով

 

Իրանը ստացել է տեղեկություններ, որ ԱՄՆ-ը նախապատրաստվում է հարձակման և իրավիճակի սրման: Հայտարարելով այս մասին, Իսլամական Հանրապետությունը զգուշացրել, որ հարձակումը պատասխան հարվածների կհանգեցնի:

Թեհրանը հայտնել է, որ տեղեկություններ է ստացել տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությամբ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների վերսկսման նախապատրաստման մասին: Իրանը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակման դեպքում տարածաշրջանում ամերիկյան բազաների և օբյեկտների ուղղությամբ մի շարք պատասխան հարվածներ կհասցնի: Տարածաշրջանի երկրները, որոնք աջակցում են ամերիկյան ագրեսիային, Իրանի կողմից կդիտարկվեն որպես հակամարտության մասնակիցներ։

«Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության  մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովը նշել է, որ Թեհրանը կոշտ պատասխանի հնարավորություններ ունի: Ըստ նրա, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով:

«Այսօրվա դրությամբ Թրամփի վիճակը շատ բարդ է, նրա վարկանիշը նվազում է,- ասել է փորձագետը։- Նա պետք է շտապ արդյունքի հասնի։ Նրան անհրաժեշտ է հաղթանակ Իրանի նկատմամբ, ուստի, իմ տեսանկյունից, սպառնալիք կա մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման»:

Բացի քաղաքականից, կա նաև տնտեսական լուրջ ենթատեքստ։ Կնուտովն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի հետ կապված հարցը մնում է չլուծված, վառելիքի գներն աճում են:

«Նավթի գներն աճում են, դիզելայինն՝ առաջին հերթին, իսկ դիզելային վառելիքը ԱՄՆ- ի ամբողջ տնտեսության հիմքն է,- ասել է փորձագետը։- Դա հարված է ամերիկյան փոխադրումներին, ինչը նշանակում է, որ բոլոր ապրանքների գներն աճում են և ազդում գրեթե ամբողջ երկրի տնտեսության վրա»:

Կնուտովի խոսքով՝ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի ագրեսիային և կկարողանա պատասխանել հարվածներին:

«Իրանն արդեն հասցրել է շատ լուրջ պատրաստվել հնարավոր հակամարտությանը,- ասել է ռազմական փորձագետը:- Նրանք մշակել են նոր հրթիռներ, ստորգետնյա գործարանները կամ վերականգնել են, կամ կառուցել են լրացուցիչ։ Նույնիսկ մարտավարական միջուկային զենքի կիրառման դեպքում Իրանը պատասխան քայլ ունի՝ հարվածել Եվրոպայում, Միջերկրական ծովի շրջանում գտնվող ամերիկյան բազաներին, այսինքն՝ այնտեղ, որտեղ իրանական հրթիռները կարող են հասնել։ Իրանը ժամանակ չկորցրեց, և ունենալով կապեր այն երկրների հետ, որոնք աջակցում են իրեն, կարող էր ձեռք բերել ավելի ճշգրիտ ուղղորդման համակարգեր: Հաշվի չառնել դաշնակիցների կողմից Իրանին աջակցությունը, իմ կարծիքով, մեծ սխալ կլինի Պենտագոնի և Վաշինգտոնի համար»:

Իրանի հայտարարությունը, որ Միացյալ Նահանգները նախապատրաստվում է հարձակման, անուղղակիորեն հաստատել է հենց ինքը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հայտարարել է Իրանի նկատմամբ շատ արագ հաղթանակի մասին:

«Մենք շատ շուտով կհաղթենք այս պատերազմում»,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ , Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:

Հաղթանակի հասնելու որոշակի ժամկետներ ԱՄՆ-ի նախագահը չի նշել։ Թրամփն  ավելի վաղ չէր բացառել Իրանին հարվածների վերսկսումը մինչև նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները:

Դատելով Իրանի խորհրդարանի նախագահի տեղակալի հայտարարությունից, Իրանում ևս չեն բացառում մեր ժամանակների ֆյուրերի՝ խելագար Թրամփի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառումը: Հավանաբար, հենց որպես նշված վտանգի պատասխան քայլ, Իրանի խորհրդարանն ուսումնասիրում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՄՊ) դուրս գալու հարցը. այս մասին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ ,  հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադը:

«ՄԶՉՄՊ-ից դուրս գալու նախագիծն ուսումնասիրվում է ծայրահեղ հրատապության նշումով,- հայտնել է նա (Ալի Նիկզադի խոսքը մեջբերել է Իրանի կիսապաշտոնական «Fars» լրատվական գործակալությունը, որը կապված է ԻՀՊԿ-ի հետ):- Նախագիծը ստանալուց հետո այն կքննարկվի (խորհրդարանի կողմից) նույն օրը: Անշուշտ, խորհրդարանը դիտարկում է նաև այդ հարցի միջազգային ասպեկտները»։

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահության ներկայացուցիչ Աբբաս Գուդարզին նույնպես հայտարարել էր, որ ՄԶՉՄՊ-ից Իրանի դուրս գալը «միանգամայն իրական և հեշտ իրագործելի քայլ է»:

Վերոնշյալ պայմանագրից դուրս գալուց հետո Իրանի ձեռքերը միջազգային իրավունքի տեսանկյունից լիովին ազատ կլինեն միջուկային զենքի ստեղծման համար, ինչը, հավանաբար, տեղի կունենա շատ արագ: ԱՄՆ-ի կողմից Իրանի համար աղետալի հետևանքներ ունեցող միջուկային զենքի կիրառմանն Իրանի միջուկային պատասխանն, իր հերթին, աղետալի հետևանքներ կունենա ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Եվրոպայում ամերիկյան ռազմաբազաների համար:

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը անվտանգության գործոն չի համարում և «ոչ» է ասում սպառազինության այդ տեսակին: Իրանի զոհված առաջնորդ Ալի Խամենեին միջուկային զենքի կրոնական արգելք է սահմանել, սակայն նրա որդին և իրավահաջորդը՝ Մոջթաբա Խամենեին դեռևս չի արտահայտվել միջուկային զենքի վերաբերյալ և համապատասխան արգելքներ չի արձակել:

Այսօր հրապարակված տեղեկատվության  համաձայն, ԱՄՆ-ի 20 ռազմանավ և երկու ավիակիր շարունակում են Իրանի շրջափակումը:

Ամերիկյան նավատորմը հզոր խմբավորում է կենտրոնացրել Իրանի ափերի մոտ։ Ըստ ԱՄՆ-ի ռազմածովային ինստիտուտի թարմ տվյալների, օպերատիվ պատասխանատվության գոտում այժմ գտնվում են ավելի քան 20 ռազմանավ։

Արաբական ծովում, Իրանի ափից հարավ-արևելք մարտական հերթապահություն են իրականացնում միանգամից երկու ավիակիրներ՝ «USS George Bush»-ը և «USS George Washington»-ը: Նրանց տախտակամածներին, ընդհանուր առմամբ, ավելի քան 100 կործանիչ կա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի և հեռավոր ռադիոտեղորոշիչ նախազգուշացման ինքնաթիռներ։

Ավիակիրների կողքին տեղակայված է 10 ականակիր։ Դրանց մի մասը գտնվում է Օմանի ծոցում, Հորմուզի նեղուցից արևելք։ Այս նավերը զինված են «Tomahawk» թևավոր հրթիռներով, որոնք կարող են թիրախներ խոցել մինչև 1600 կմ հեռավորության վրա:

Այնտեղ՝ Օմանի ծոցում, նաև տեղակայված է ծովում և ցամաքում գործողությունների համար նախատեսված դեսանտային խումբ։ Այն ներառում է երեք խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակի 11-րդ ռազմարշավային գումարտակով (մոտ 2200 զինծառայող)։ Խումբն ունի նաև ուղղահայաց թռիչքի և վայրէջքի ունակ F-35 կործանիչների երկու էսկադրիլիա, կոնվերտոպլաններ, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռներ և դեսանտային մոտորանավակներ։

Երկու հրթիռային ականակիրներ գտնվում են Կարմիր ծովում։ Եվս երեք ականակիր և մեկ հածանավ գտնվում են Հնդկական օվկիանոսում։ Բացի վերոնշյալ ռազմանավերից, Իրանից ոչ հեռու գտնվող ամերիկյան ռազմածովային ուժերի խմբավորման կազմում ընդգրկված է «USS Miguel Keith» նավը, որը մատակարարման ռազմարշավային ծովային բազա է: Նշված ռազմանավերի հիմնական մասն այժմ ապահովում է իրանական նավահանգիստների ծովային շրջափակման ռեժիմը։

Իրանն էլ, ինչպես հայտնի է, փակել է Հորմուզի նեղուցը: Հորմուզի նեղուցն այժմ փաստացի փակ է առևտրային նավագնացության համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պաշտոնապես հայտարարել է, որ նեղուցը փակ է, և ցանկացած նավ, որը կփորձի անցնել առանց Թեհրանի թույլտվության, կթիրախավորվի կամ կբախվի ականների։ Միացյալ Նահանգները պետք է ընդունի Հորմուզի նեղուցի նոր իրավական կարգավիճակը՝ դրանով նավարկություն իրականացնելու համար. այս մասին օրերս, ТАСС-ի տեղեկացմամբ , հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում։

«Եթե նրանք ցանկանում են Հորմուզի նեղուցով հիմա նավարկել, ապա նրանք պետք է ընդունեն այդ նեղուցի նոր իրավական կարգավիճակը, որը կորոշվի հենց այդ նեղուցի երկու տերերի՝ Իրանի և Օմանի կողմից»,- ասել է նա:

Ավելի վաղ Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Թեհրանի հանձնած պայմանները: Իրանն առաջարկել է 7-օրյա ճանապարհային քարտեզ՝ նեղուցը վերաբացելու համար, սակայն դրա դիմաց պահանջում է տարածաշրջանային հրադադար և իր նավթային հատվածից պատժամիջոցների հանում։

Թրամփը մերժել է Իրանի առաջարկած պայմանները՝ պնդելով, որ Վաշինգտոնը թույլ չի տա սահմանափակումներ և ձգտում է հասնել նեղուցի ամբողջական ու անխափան բացմանը։ Չնայած ԱՄՆ-ի ռազմական ուժերը փորձում են ուղեկցել առանձին նավեր, կանոնավոր և ազատ բեռնափոխադրումները կանգնած են։

Այս ճգնաժամի պատճառով նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են («Brent» տեսակի նավթի գինը գերազանցել է 106-107 դոլարը՝ մեկ բարելի համար)։ ԱՄՆ-ի նավթային պաշարները, ըստ «Коммерсантъ» -ի նվազել են մինչև 1982թ. մակարդակի: ԱՄՆ-ը շուկայում իրավիճակը կայունացնելու համար ստիպված վաճառքի է հանել նավթի իր ռազմավարական պաշարներից:

Դիզելային վառելիքի գները, նաև Ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, ամբողջ աշխարհում պատմական ռեկորդներ են սահմանում: ԱՄՆ-ում դիզելային վառելիքի 1 լիտրի միջին գինն այսօր կազմել է մոտ 1.73 դոլար, Երևանում անցել է 700 դրամի սահմանը: Եվրոպայի կեսը, «Московский комсомолец»-ի տեղեկացմամբ , մնացել է առանց ԱՄՆ-ից մատակարարվող դիզելի:

 

Արթուր Հովհաննիսյան