ԱՄՆ-ն այլ ծրագրեր էլ ունի, հավանաբար, Իրանի դեմ մարտավարական միջուկային զենքի կիրառում

Իրանն արդեն նոր զենք է մշակում, հավանաբար, մարտավարական միջուկային

 

Երեկվա մեր հրապարակմամբ  արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:

Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է:

«Այսօրվա դրությամբ Թրամփի վիճակը շատ բարդ է, նրա վարկանիշը նվազում է,- ասել է փորձագետը։- Նա պետք է շտապ արդյունքի հասնի։ Նրան անհրաժեշտ է հաղթանակ Իրանի նկատմամբ, ուստի, իմ տեսանկյունից, սպառնալիք կա մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում, Սպիտակ տանը երեկ արհեստական բանականության տեխնոլոգիաներին նվիրված գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ ռազմական դիմակայությունը, իր գնահատմամբ, կավարտվի մոտ ժամանակներս: Խնդիրն այն է, թե ի՞նչ է նկատի ունեցել Թրամփը՝ հակամարտության դիվանագիտական լուծմա՞մբ, թե պատերազմով… Հետագա տեղեկությունները վկայում են վերջին տարբերակի մասին:

«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա,- նույն միջոցառման ժամանակ, Life.ru-ի տեղեկացմամբ , հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:- Նրանց գործերը շատ վատ են ընթանում։ Շատ շուտով դա կավարտվի»:

Սպիտակ տան ղեկավարը Իրանի դեմ պատերազմն անվանել է իր վարչակազմի ժամանակաշրջանի ամենանշանակալի իրադարձություններից մեկը: Նրա խոսքով ՝ այդ ռազմարշավը պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունների կարևորագույն որոշումներից մեկը: Ավելի վաղ Life.ru-ն գրել էր, որ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլի նախապատրաստումը։ Կողմերի միջև գլխավոր տարաձայնությունները մնում են Հորմուզի նեղուցի և Իրանի միջուկային ծրագրի հետ կապված պայմաններն ու պահանջները։

Վերոնշյալ բանակցություններն արդեն կայացել են, արդյունքը, ցավոք, զրո:

Ինչպես, ТАСС-ի փոխանցմամբ , հայտնել է «Axios» պորտալը, ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններն անարդյունք են եղել, մարտական գործողությունները կարող են վերսկսվել։

Այս շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում դիվանագիտական բեկման հասնելու Կատարի միջնորդների փորձերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների գնալ, բանակցությունները փակուղի են մտել. այս մասին հայտնել է «Axios» պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ընդգծվում են, որ էական առաջընթացի բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ երկու կողմերն էլ որոշեն վերսկսել ռազմական գործողությունները: Միանգամից ակնհայտ է դառնում, թե ընթերցողներին ճշմարտության ու կեղծիքի այս խառնուրդը մատուցելով, ում է ծառայում «Axios» անվանմամբ ամերիկյան նորությունների այս մեդիաընկերությունը և տեղեկատվական պորտալը:

Ճշմարտությունն այն է, որ բանակցություններում առաջընթացի բացակայությունը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման, իսկ կեղծիքը՝ հնարավոր համարելն է, որ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է լինել նաև Իրանի կողմից: Այս կեղծիքը հավանաբար նպատակ ունի տեղեկատվական-քարոզչական հենք նախապատրաստել ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում դրա առաջին քայլը (նախաձեռնությունը) Իրանին վերագրելու համար, մինչդեռ ռազմական գործողությունների վերսկսումն Իրանին բնավ ձեռնտու չէ՝ նկատի ունենալով նաև, որ մեր ժամանակների ֆյուրերը՝ Թրամփը, այս անգամ կարող է մարտավարական միջուկային զենքի կիրառման հրաման արձակել՝ պատերազմում հաղթանակ ապահովելու նպատակով:

«Axios»-ի աղբյուրներն ընդգծել են, որ Կատարի պաշտոնյաները կշարունակեն դիվանագիտական կարգավորման փորձերը, սակայն հիասթափված են երկու կողմերի դիրքորոշումներից: Սեպտեմբերի 28-ին նրանք քննարկել են Կատարի փոխզիջումային առաջարկը՝ Իրանի շրջափակումը վերացնելու և Թեհրանի կողմից միջուկային ոլորտում զիջումներ կատարելու մասին։ Հանդիպմանը ներկա է եղել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Սակայն, ինչպես հայտնել է պորտալի աղբյուրը, խորհրդակցությունների ընթացքում զգալի առաջընթաց չի նկատվել:

«Բանակցությունները փակուղի են մտել,-ասել է «Axios»-ի աղբյուրն ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների անարդյունք լինելու մասին:- Իրանը պահանջներ է առաջադրում, որոնք ԱՄՆ-ը չի կարող ընդունել, իսկ ԱՄՆ-ը կարծում է, որ իրենք հաղթում են, ուստի փոխզիջման գնալու կարիք չկա»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին երեկ, «Газета.Ру»-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները տարբեր սցենարներ են նախապատրաստել Իրանի հետ պատերազմը շարունակելու համար, սակայն Թեհրանում տեղյակ են դրանց մասին ու պատրաստվել են: ԶԼՄ-ների տվյալներով՝ թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը հույս չունեն մոտ ժամանակներս խաղաղության շուրջ գործարք կնքել, ինչ վերաբերվում է պատերազմի վերսկսմանը, ապա այն, հրապարակումների մի մասի համաձայն, հնարավոր է համարվում ոչ թե նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, այլ հետո:

«Մեր հակառակորդն ամեն դեպքում ունի տարբեր այլընտրանքային սցենարներ,- ասել է Մոհեբին:- Այս պատերազմի ընթացքում նրանք պատկերացնում էին, որ իրենց ռազմական ներկայությամբ կստիպեն մեզ կապիտուլյացիայի ենթարկել, սակայն դա տեղի չունեցավ»:

Որպես օրինակ նա նշել է, որ երբ ամերիկյան բանակը չկարողացավ հաղթել ռազմական ճանապարհով, Վաշինգտոնն անցավ տնտեսական պատերազմի և ծովային շրջափակման։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այլ ծրագրեր էլ ունի (ակնարկը հավանաբար վերաբերվում է մարտավարական միջուկային զենքի կիրառմանը), բայց Թեհրանը դրանց մասին գիտի և արդեն պատրաստվել է:

Բացի այդ, Մոհեբին հայտարարել է, որ Իրանն ավերել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների մեծ մասը և դրանք վերականգնման ենթակա չեն: Նրա խոսքով՝ «Հանրապետությունն արդեն նոր զենք է մշակում» (ակնարկը հավանաբար վերաբերվում է մարտավարական միջուկային զենքին) և մարտական գործողությունների դեպքում կկիրառի այն։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սեպտեմբերի 27-ին «NBC News» հեռուստաալիքի եթերում նախազգուշացրել է, որ չնայած Թեհրանը պատրաստ է շարունակել դիվանագիտական ջանքերը հակամարտության դադարեցման ուղղությամբ, հետագա ագրեսիայի դեպքում Իսլամական Հանրապետությունը կդիմակայի դրան:

«Մենք պատրաստ ենք բանակցել այնքան, որքան պատրաստ ենք դիմակայել ցանկացած մարտահրավեր,- ասել է դիվանագետը։- Մենք ամուր կանգնած ենք մեր դեմ ցանկացած ագրեսիայի առջև, նույնիսկ եթե գործը հասնի Դատաստանի օրվա պատերազմին»:

Թրամփը ստելով հայտարարել է, թե Միացյալ Նահանգները «ռազմական տեսանկյունից» արդեն հաղթել է Իրանին, և հավելել, որ ԱՄՆ-ը ձեռք բերածով չի բավարարվում։ Մի քանի ժամ անց Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նաև հայտարարել է, որ «հաղթանակը» ձեռք կբերվի արդեն մոտ ապագայում։

Միևնույն ժամանակ, «Bloomberg» գործակալության տվյալներով, Իրանի իշխանությունները կասկածում են, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կկարողանան համաձայնության հասնել և Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացել մինչև նոյեմբերի 3-ին նշանակված ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Նման կանխատեսման պատճառը նաև զգալի առաջընթացի բացակայությունն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցած անուղղակի բանակցությունների ընթացքում:

«Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ նոյեմբերի 3-ի քվեարկությունից հետո հակամարտության սրման մեծ հավանականություն կա»,- գրել է գործակալությունը:

Ինքը՝ Թրամփը, ըստ «The Wall Street Journal» թերթի, Սպիտակ տան աշխատակիցների հետ զրույցներում կասկած է հայտնել, որ ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումը վերացնելու համար Իրանը կկատարի իր հնչեցրած պահանջները: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահը նույնպես հնարավոր է համարել, որ Կոնգրեսի արտահերթ ընտրությունների անցկացումից հետո ինքը կվերսկսի Իրանին հարվածները:

Բացի այդ, Թրամփն իր «Truth Social» սոցցանցում հերքել է ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն, իբր, համաձայն է թուլացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի հասնելու դիմաց:

Սեպտեմբերի 28-ին «Al Hadath» հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թեհրանն իբր համաձայնել է դադարեցնել ուրանի հարստացումը հանուն ամերիկյան պատժամիջոցների մեղմացման: Սակայն ավելի ուշ Իրանի «PressTV» հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն իրանցի պաշտոնյային, հերքել է այդ տեղեկությունը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները չեն փոխել իրենց դիրքորոշումը և ներկայումս Վաշինգտոնի հետ ոչ մի քննարկում չեն անցկացնում միջուկային ծրագրի շուրջ:

Նույն օրը Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը Իրանի կիսապաշտոնական (կապված է ԻՀՊԿ-ի հետ) «Fars» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Մեջլիսը (Իրանի խորհրդարանը) կքննարկի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՄՊ) Իսլամական Հանրապետության անհապաղ դուրս գալը:

«ՄԶՉՄՊ-ից անհապաղ դուրս գալու մասին օրինագիծը քննարկման փուլում է, օրինագիծն ուսումնասիրվում է ծայրահեղ հրատապության նշումով,- «Fars»-ի հետ զրույցում հայտնել է Իրանի Մեջլիսի փոխնախագահ Ալի Նիկզադը:- Օրինագիծը ստանալուց հետո այն կքննարկվի (խորհրդարանի կողմից) նույն օրը: Անշուշտ, խորհրդարանը դիտարկում է նաև այդ հարցի միջազգային ասպեկտները»։

Նիկզադը նման որոշումը բացատրել է նրանով, որ Թեհրանը չի վստահում ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը և նրա տնօրեն Ռաֆայել Գրոսսիին, որը «միայն ֆորմալ ստուգումներ է անցկացնում և բացասական հաշվետվություններ ներկայացնում Իրանի դեմ»:

 

Արթուր Հովհաննիսյան