ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը չի կարող ավարտվել այլ բանով, քան կողմերից մեկի պարտությամբ. ամերիկագետ Դմիտրի Դրոբնիցկի

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին

 

Սատանայի պես էլ խորամանկ է Սատանայի պետության՝ ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը: Մեկ նալին, մեկ մեխին խփելով, նա փորձում է ռազմավարական անորոշության մեջ պահել Իրանին, ինչպես Ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանին, և Թայվանի և այլ հարցերում՝ Չինաստանին:

Անցյալ ամսավերջին նա վերստին հայտարարել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին: «Новости Mail»-ի տեղեկացմամբ, Ելույթ ունենալով Սպիտակ տանը, Թրամփը նշել է. «Մենք կհաղթենք այս պատերազմում շատ շուտով, այսպես թե այնպես»: ԱՄՆ-ի նախագահը խոստացել է, որ «շատ շուտով ինչ-որ բան կսկսի տեղի ունենալ»՝ չմանրամասնելով, թե ինչ:

Բացի այդ, Թրամփը, հերթական անգամ ստելով, վստահություն է հայտնել Հորմուզի նեղուցի նկատմամբ գրեթե լիակատար վերահսկողության հարցում:

«Ժամանակ առ ժամանակ այնտեղ ական են նետում, և դա մի փոքր խախտում է ամեն ինչ»,- ասել է նա՝ կրկնակի հակասելով իր իսկ ասածին:

Հորմուզի նեղուցի ի՞նչ գրեթե լիակատար վերահսկողության մասին կարող է խոսք լինել, եթե Իրանի Զինված ուժերը ժամանակ առ ժամանակ այնտեղ ական են նետում, և ի՞նչ «մի փոքր» խախտման մասին կարող է խոսք լինել, երբ այդ մի փոքր խախտումը «խախտում է ամեն ինչ»:

Ինչպես հաղորդել է «The  Street Journal» օրաթերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկում երրորդ ավիակիր հարվածային խմբավորումը և մինչև 10 000 զինծառայող: Ակնկալվում է, որ այս միացումը տարածաշրջան կժամանի նոյեմբերի վերջին:

Կատարի միջնորդները փորձել են դիվանագիտական առաջընթաց գրանցել ԱՄՆ-ի և Իրանի միջև, «սակայն քիչ են հասել հաջողության. կողմերից ոչ մեկը զիջումների գնալու պատրաստակամություն չի հայտնել»:

«Վաշինգտոնը ոչ մի կերպ չի կարող առավելության հասնել Թեհրանի հետ դիմակայությունում,- «RT на русском»-ի տեղեկացմամբ, հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահության անդամ Արայիկ Ստեփանյանը։- Ամերիկյան իշխանությունները հավատացել են Իսրայելի հավաստիացումներին, թե իրանական իշխանությունը մազից է կախված, և եթե վերացնեն ԻՀՊԿ գերագույն առաջնորդին և մի քանի ղեկավարների, ապա վարչակարգը կփլուզվի: Բայց, ինչպես տեսնում ենք, նրանց ռազմավարությունը սխալ էր։ Եվ հիմա Վաշինգտոնը բավական բարդ իրավիճակում է, որից դեռ չգիտի ինչպես դուրս գալ»:

Արայիկ Ստեփանյանի խոսքով՝ Իրանի հետ հակամարտության ընթացքում Միացյալ Նահանգների ռեսուրսները բավականին լրջորեն սպառվել են:

«Դրա համար էլ ամերիկյան կողմը որոշել է կարգավորման շուրջ բանակցություններ սկսել,- կարծում է փորձագետը։- Սպառազինությունների պաշարները վերականգնելու համար Միացյալ Նահանգներին բավական ժամանակ կպահանջվի։ Վաշինգտոնի ծրագիրը ժամանակ ձգելն է։ Իրանի հետ կապված իրավիճակից պարզապես դուրս գալ՝ ԱՄՆ-ը նույնպես չի կարող, քանի որ նրա վրա ճնշում է գործադրում Իսրայելը, որն ԱՄՆ-ի կողմնակիցն է հակամարտությունը շարունակելու հարցում»:

Արայիկ Ստեփանյանի կարծիքով, այժմ Վաշինգտոնը կփորձի մնալ Իրանի նկատմամբ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» հարացույցում:

«Նպատակն է այս իրավիճակը հասցնել մինչև նոյեմբեր՝ մինչև ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները,- կանխատեսել է փորձագետը:- Իսկ մինչ այդ, Վաշինգտոնն իր ռազմական ուժերը դուրս կբերի այն երկրներից, որտեղ ի վիճակի չէ պաշտպանել նրանց»:

Նա նշել է, որ ամերիկյան իշխանությունները ցանկանում էին հասնել Իրանի լիակատար կապիտուլյացիայի։

«Խոսքը վերաբերում էր (Իսրայելի համար.- Ա.Հ.) «գոյաբանական սպառնալիքի» վերացմանը՝ Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը կանխելուն,- ասել է Ստեփանյանը։- Դրա համար Վաշինգտոնին անհրաժեշտ է միջուկային ծրագրի ապամոնտաժում։ Իրանը, բնականաբար, համաձայն չէ խաղաղության այս պայմաններին։ Թրամփը նույնպես չի կարող զիջումների գնալ, քանի որ հակառակ իրավիճակում նրան լուրջ հարցեր կտան երկրի ներսում։ Միևնույն ժամանակ, իրանցիները, որպես ագրեսիայի զոհեր, շատ ողջամիտ պահանջներ են ներկայացնում՝ վճարումներ հասցված նյութական վնասի համար, Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն, Ծոցի երկրներում ԱՄՆ-ի բազաների փակում։ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումն այս դեպքում ակնհայտորեն բավարար չի լինի»:

Ամերիկագետ, վերլուծաբան Դմիտրի Դրոբնիցկու գնահատմամբ, ԱՄՆ-ի կողմից Իրանի շրջափակման հաջողության մասին շատ դժվար է դատել։

«Վաշինգտոնին չհաջողվեց ամբողջությամբ մեկուսացնել Իրանին,- նշել է նա RT-ի հետ զրույցում։- Պետք է նաև հասկանալ, որ խոսքը դասական շրջափակման մասին չէ, երբ ոչ մի նավ չի անցնում։ ԱՄՆ-ն ստիպված է իր նավերը բավական հեռու պահել Իրանի ափերից, որովհետև մոտենալու ցանկացած փորձ հղի է իրանական հարվածների տակ ընկնելու վտանգով։ Եվ նման իրավիճակը դեռ կպահպանվի»:

Ինչպես նշել է Դրոբնիցկին, Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում ոչինչ արմատապես չի փոխվում։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև որևէ փոխշահավետ գործարք կնքելն այժմ անհնար է,- ասել է,- ասել է վերլուծաբանը:- Նրանց միջև նույնիսկ հրադադար չի նկատվում, այլ լռություն։ Բայց պատերազմը չի ավարտվել, այն չի կարող ավարտվել այլ բանով, քան կողմերից մեկի պարտությամբ: Գործարք կնքել, որը ձեռնտու կլիներ Իրանին, Թրամփը չի համարձակվի։ Նա չի կարող իր ստորագրությունը դնել այն համաձայնագրի վրա, որը կհամապատասխանի Թեհրանի շահերին։ Հակառակ դեպքում դա կնշանակի արձանագրել այն փաստը, որ ԱՄՆ-ն պարտվել է պատերազմում։ ԱՄՆ- ն Իրանից զինաթափում է պահանջում, sակայն Թեհրանը պատրաստ չէ դրան»:

Ինչպես RT-ին տված մեկնաբանության մեջ ասել է քաղաքական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի գիտաշխատող Դանիլա Կռիլովը, ԱՄՆ-ն ամեն կերպ կփորձի այնպես անել, որ նվազագույնի հասցնի իր հեղինակության ռիսկերը Իրանի հետ դիմակայության ընթացքում:

«Այս պայմաններում հնարավոր է միայն հասնել գործարքի, որն ամերիկացիներին ավելի ձեռնտու կլինի, քան Իրանին,- ասել է Կռիլովը:- Սակայն Թեհրանը պատրաստ չէ գնալ իրադարձությունների նման զարգացման։ Ուստի հակամարտության շուտափույթ ավարտի վերաբերյալ կանխատեսումն իրատեսական չէի համարի։ Մի քանի ամիս Թրամփը հայտարարում է հաղթանակի մասին և այն մասին, որ համաձայնություն ձեռք կբերվի, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։ Քանի որ ԱՄՆ-ը թերագնահատել է Իրանին, որն ամերիկացիների հետ վարքագծի արդյունավետ սխեմա է օգտագործում. դա նրանց գործողությունների հայելային արտացոլումն է։ Իրանը բավականին մոբիլիզացված երկիր է՝ շիական ընդվզման և, ընդհանուր առմամբ, միասնական գաղափարախոսական տրամաբանության հաշվին։ Եվ Թեհրանն իր համար միանգամայն իրավացիորեն երաշխիքներ է պահանջում։ Վաշինգտոնը կպահպանի հակամարտության ձգձգման միտումը»:

Այո, բայց մինչև ե՞րբ՝ սա՛ է խնդիրը: Ե՞րբ է, որ ԱՄՆ-ն արդեն կվերսկսի հակամարտությունը, որը, ինչպես սպասվում է, նախորդից ավելի լայնամասշտաբ կլինի և նույնիսկ ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին պատերազմը՝ կողմերից մեկի պարտությամբ: Դա մինչև նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություննե՞րը կլինի, թե՞ դրանից հետո, նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին, երբ Մերձավոր Արևելք արդեն հասած կլինի ԱՄՆ-ի երրորդ ավիակիր հարվածային խմբավորումը:

 

Արթուր Հովհաննիսյան

 

Թեմայի հետ կապված կարող եք կարդալ նաև մեր հետևյալ հրապարակումները՝

Իրանը նվաստացրել է ԱՄՆ-ին՝ որսալով նրա ստորջրյա գաղտնի դրոնը 

Վերջին մարտից առաջ. Իրանը սպանիչ պատասխան է պատրաստում ԱՄՆ-ի նոր հարվածին 

ԱՄՆ-ն այլ ծրագրեր էլ ունի, հավանաբար, Իրանի դեմ մարտավարական միջուկային զենքի կիրառում