Նիկոլը ոչ միայն վախեցել է Եվրոպայի անվտանգության մասին հռչակագրին միանալ, այլև խորամանկ հաշվարկ է կատարել

Ռուսաստանում որոշ փորձագետներ, ինչպես, օրինակ, քաղաքագետ-միջազգայնագետ Նիկիտա Մենդկովիչը, կարծում են, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը վախեցել է Եվրոպայի անվտանգության մասին հռչակագրին միանալ, ՆԱՏՕ-ի հետ այդ խարտիան ստորագրել: Նա բացատրել է, թե ինչի է ձգտում պաշտոնական Երևանը, ինչպես կնայեն դրան Բրյուսելում և վերոնշյալ հրաժարման հետ ինչ կապ ունի Եվրասիական տնտեսական միությունը:

Դուբլինում նոյեմբերի 13-ին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում խարտիան ստորագրել են շուրջ 40 պետություններ։ Փաստաթղթի շարադրանքում կան դրույթներ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին, իսկ Կիևի անվտանգությունը եվրատլանտյան անվտանգության անբաժանելի մասն է համարված: Հայաստանը փաստաթղթին չի միացել։

Նիկոլ հայադավը, ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 18-ին «Ազգային ժողով» կոչվածում կառավարության ժամին հայտարարել է, որ Հանրապետությունը Եվրոպական անվտանգության հիմքերի մասին խարտիայի տակ ստորագրություն չի դրել դրանում ՆԱՏՕ-ին մեծ ծավալով հղումների պատճառով, մինչդեռ Երևանը Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնելու խնդիր, նրա խոսքով, չունի, Հայաստանի քաղաքականության մեջ դաշինքին անդամակցելու որոշում չկա:

Ի՞նչ է կանգնած Նիկոլի վերոնշյալ քայլի հետևում և ինչպե՞ս կարող է այն շրջվել. այս մասին «Focus Mail»-ին պատմել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը, որի կարծիքով, Նիկոլի վերոնշյալ պատճառաբանության հետևում կանգնած է ոչ թե սկզբունքայնություն, այլ սթափ հաշվարկ: Տողերիս հեղինակը լիովին կիսում է փորձագետի այս գնահատականը, ախր Նիկոլն ո՜ւր, սկզբունքայնությունն ուր…

Նյատի ունենանք, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, ինչպես ընդգծել է Նիկոլ հայադավը, պաշտոնական Երևանն արդեն սկսել է։ Եվրաինտեգրման մեկնարկի մասին օրենքը խորհրդարանն ընդունել էր 2025թ. մարտին, իսկ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Նիկոլն իրատեսական է համարել 2027-2028 թվականներին։

Հիմա այն մասին, թե Նիկոլն ինչու է հրաժարվել ստորագրել վերոնշյալ խարտիայի տակ ու, հավանաբար, մի քիչ նեղացրել Եվրոպայի քաղաքական պոռնիկներին, որոնք, այնուհանդերձ, ըմռնումով են մոտեցել Նիկոլի հրաժարումին:

«Ես կարող եմ ենթադրել, որ Փաշինյանը ցանկանում է դանդաղեցնել Եվրասիական միությունից դուրս գալու ընթացակարգը, քանի որ հասկանում է տնտեսական հետևանքները,- ասել է Մենդկովիչը:- Հիմա նա փորձում է իրավիճակը չգերլարել հակառուսական հայտարարություններով»:

Ըստ փորձագետի, բանն էլ տնտեսագիտությունն է։ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հիշեցրել էր, որ ԵՄ-ին ինտեգրումն ինքնաբերաբար հանգեցնում է ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի փոխգործակցության դադարեցմանը և կորստին բոլոր այն արտոնությունների, որոնք այս պահին ունի Հայաստանը: Հենց այդ կորուստներից է, որ Նիկոլը, իր իշխանությունը, ըստ Մենդկովիչի, փորձում են խուսափել։

«Նա դեռ հույս ունի մեղմացնել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը և տնտեսական հետևանքները, և հույս ունի, որ այդպես կկարողանա հասնել իր նպատակին»,- նշել է քաղաքագետը:

Տողերիս հեղինակը, որպես քաղաքական վերլուծաբան, չի կիսում Նիկիտա Մենդկովիչի այս կարծիքը: Ի՞նչ խոսք կարող է լինել հակառուսական հայտարարություններով իրավիճակը չգերլարելու, Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ընթացակարգը դանդաղեցնելու, ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը և տնտեսական հետևանքները մեղմացնելու մասին, երբ Նիկոլ հայադավի իշխանությունը ՌԴ-ին սպառնում է ԵԱՏՄ դատարան դիմելով՝ հայկական գյուղմթերքի ներկրման ռուսական սահմանափակումների պատճառով։

Խարտիան չստորագրելու առումով իրատեսական է փորձագետի մյուս բացատրությունը. ՆԱՏՕ-ին անդամակցությունը, ինչպես հիշեցրել է Մենդկովիչը, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների և հետխորհրդային տարածքի բոլոր երկրների համար միանշանակ կարմիր գիծ է։ Ստորագրությունից հրաժարվելը Երևանն օգտագործում է իր քաղաքականությունը հարևանների համար ընդունելի դարձնելու համար։ Դաշինքի հիշատակմամբ փաստաթղթեր ստորագրելը, ըստ փորձագետի, կնշանակեր գնալ մի քայլի, որը Մոսկվան անպատասխան չէր թողնի։

«Փաշինյանը հասկանում է, որ ՆԱՏՕ-ի հետ փաստաթղթերի ստորագրումը կնշանակի ավտոմատ կերպով ուղիղ հակամարտություն Ռուսաստանի հետ, որը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է որպես արտաքին քաղաքականության հիմնական սպառնալիքներից մեկը,- պարզաբանել է Մենդկովիչը։- Հետևանքները երկրի կյանքի բոլոր ուղղությունների համար աղետալի կլինեին։ Նա դեռ պատրաստ չէ նման արմատական քայլերի»:

Մնում է հարց, թե ԵՄ-ում ինչպե՞ս կվերաբերվեն այն երկրին, որն ակնկալում է ԵՄ-ին անդամակցություն, բայց ցուցադրաբար հեռու է մնում ՆԱՏՕ-ից։ Մենդկովիչի գնահատմամբ, այժմ նման դիրքորոշումը գտնվում է եվրոպական քաղաքականության գորշ գոտում։

Խարտիան ստորագրելուց Նիկոլի հրաժարվելը, կարծում ենք, մեկ այլ նպատակ էլ ունի: Ինչպես արդեն հայտարարել է Նիկոլ հայադավը, ինքը դեկտեմբերին երեք այց է իրականացնելու Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջոցառումներին՝ վարչապետական և նախագահական ձևաչափերով, ինչպես նաև երկկողմ քննարկում ունենալու Ռուսաստանի ղեկավարության հետ։ Ըստ «Հրապարակ» օրաթերթի, Մոսկվայում Նիկոլի նկատմամբ տրամադրվածությունները չափազանց արմատական են, թեև նա հույս է հայտնել հարաբերությունների բարեկամական մթնոլորտը պահպանելու վերաբերյալ, սակայն տեղեկություններ կան, որ ԵԱՏՄ-ի դեպքում էլ Հայաստանին կարող է սպասվել ՀԱՊԿ-ի ճակատագիրը։

Ինչպես նշել է պարբերականը, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 22-ին  կսառեցվի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում։ Պարբերականը հիշեցրել է, որ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները մայիսի 29-ին համատեղ կոչ էին արել Հայաստանին հնարավորինս սեղմ ժամկետում անցկացնել հանրաքվե՝ ԵՄ կամ ԵԱՏՄ ընտրությունը կատարելու հարցով, ինչին Նիկոլը պատասխանել էր, որ տվյալ պահին հանրաքվեի հիմքեր չկան։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի անդամակցության հնարավոր սառեցումը ԵԱՏՄ-ում կապված է հենց այդ հայտարարության հետևանքների հետ։

Կարծում ենք, հասկանալի է, որ եթե Նիկոլը ստորագրեր վերոնշյալ խարտիան, ապա առաջիկայում գրեթե բոլոր քաղաքացիները և ընկերությունները, որոնք կտուժեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր սառեցման աղետալի հետևանքներից, նրան կմեղադրեն, որ հենց ինքն իր այդ քայլով սադրեց ԵԱՏՄ-ի ղեկավարությանը և Մոսկվային գնալ այդ քայլին, մինչդեռ խարտիան չստորագրելով, Նիկոլը միտք ունի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր սառեցման ու դրա հետևանքների մեղքը գցել ԵԱՏՄ-ի և Մոսկվայի վրա:

 

Արթուր Հովհաննիսյան