ՆԳ նախարարը տեսակցել է Կոտայքի մարզում հրազենային վնասվածք ստացած պարեկային ծառայողին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի մարզում ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկային ծառայողին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից։
Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Բուժանձնակազմը՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է պարեկային ծառայողի առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։
Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար, պարեկային ծառայողին մաղթել է շուտափույթ ապաքինում։
Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդել էր, որ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբերից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ծառայողներից մեկը՝ ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել բժշկական կենտրոնից։ Նախնական տվյալներով՝ ծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ և նշված «Հյունդայի» մեքենան:
Ըստ նախնական տվյալների՝ «Հյունդայիում» գտնված վարորդն ու ուղևորը, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են, եղել են ոչ սթափ վիճակում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում հանցագործության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

