Բաքուն փորձում է ոստիկանական ուղիներն օգտագործել որպես աշխարհաքաղաքական ճնշման գործիք

Ինտերպոլի կանոնադրությունը խստորեն արգելում է կազմակերպությանը ներգրավվել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասսայական բնույթի հարցերում: 

Ոչնչացումից փրկելու նպատակով հակամարտության գոտուց դուրս բերված մշակութային արժեքների վերաբերյալ պահանջներ ներկայացնելը ոստիկանական ուղիները որպես աշխարհաքաղաքական ճնշման գործիք օգտագործելու փորձ է:

Խնդրո առարկա մշակութային արժեքները հայկական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են: 

Մշակութային արժեքների պղծումը կանխելու նպատակով տարհանման կամ հակամարտության ընթացքում դրանց փրկությունը համահունչ է ժառանգության պահպանման միջազգային չափանիշներին և չի կարող դիտարկվել որպես քրեական գողություն:

Ադրբեջանի երկակի ստանդարտները հասկանալու համար անհրաժեշտ է ընդամենը հիշել Ադրբեջանի կողմից մշակութային արժեքների ոչնչացման փաստագրված դեպքերը. 1998-2006 թթ. ընթացքում ավելի քան 3000 պատմական հայկական խաչքարերի և հազարավոր տապանաքարերի համակարգված ոչնչացումը և տարածքի վերածումը ռազմական հրաձգարանի։ Նախիջևանի հայկական հարյուրավոր եկեղեցիների և գերեզմանոցների հիմնահատակ ոչնչացումը։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծությունը 2020 թ. և դրա խորհրդանշական գմբեթի հետագա հեռացումը։ 2020-ից հետո Շուշիի Կանաչ ժամ (Սբ Հովհաննես Մկրտիչ), Մոխրենիսի Սբ. Սարգիս եկեղեցիների և հարյուրավոր պատմական այլ հուշարձանների ամբողջական ապամոնտաժումը և այլն։

Այսօր էլ առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում միջնադարյան հայկական հուշարձանների ջնջման, ձևափոխման և ոչնչացման քաղաքականությունը շարունակվում է։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն՝ Րաֆֆի Քորթոշյան