«Վայլդբերիսի» պահեստների վրա հարձակումների հետևանքով հայ վաճառողների վնասը հասնում է մի քանի տասնյակ մլն դոլարի․ Տարոն Պապիկյան

«Փաստինֆո»Wildberries-ի կորուստներն ուկրաինական հարվածների հետևանքով շատ մեծ են։ Իրականում Wildberries-ի էկոհամակարգը շատ ավելի լայն է, և հիմնականում խոսվում է միայն վաճառողների վնասների մասին, մինչդեռ համակարգում ներգրավված են նաև բեռնափոխադրող ընկերություններ, ֆուլֆիլմենթ պահեստներ, որոնք կազմակերպում են վաճառողների մատակարարումները, բայերներ, որոնք Չինաստանից գնումներ են իրականացնում վաճառողների համար, իսկ այդ շղթայի վերջին օղակը վաճառողներն են։ Այս ամբողջ էկոհամակարգը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գործարար Տարոն Պապիկյանը։

«Wildberries-ում ընդհանուր առմամբ կան տասնյակ հազարավոր վաճառողներ։ Ինչ վերաբերում է հայ վաճառողներին, հստակ վիճակագրություն չկա, սակայն խոսվում է մոտ 10 հազար գրանցված վաճառողի մասին, որոնցից 4-5 հազարն առավել ակտիվ գործունեություն է ծավալում։ Այսինքն՝ ենթադրվում է, որ տուժած հայ վաճառողների թիվը տատանվում է 4-5 հազարի սահմաններում»,- ասաց նա։

Նրա դիտարկմամբ՝ հարվածների առաջին հիմնական ալիքը եղել է հուլիսի 18-ին՝ Wildberries-ի ամենախոշոր և հիմնական պահեստներից մեկի՝ «Էլեկտրոստալի» վրա։ Դեռևս վերջնական տեղեկատվություն չկա, թե ամբողջ պահեստի ապրանքներն են այրվել, թե միայն մի մասը։
«Ամենայն հավանականությամբ՝ այրվել է ապրանքների մեծ մասը։ Խոսքը 1.3-2 միլիարդ դոլարի ապրանքների մասին է։ Հայ վաճառողների ապրանքների վերաբերյալ առանձին վիճակագրություն չկա, սակայն, ըստ մեր գնահատականների, նրանք կրել են մի քանի տասնյակ միլիոն դոլարի վնաս»,- նշեց Պապիկյանը։

Անդրադառնալով Wildberries-ի կողմից նախատեսվող փոխհատուցումներին՝ Պապիկյանը հիշեցրեց, որ ընկերությունը 2026 թվականի հուլիսի 7-ին փոփոխություններ է կատարել իր օֆերտայում՝ հրապարակային պայմանագրում՝ սահմանելով, որ ֆորս-մաժորային իրավիճակներում, այդ թվում՝ դրոնային հարվածների հետևանքով վնասված կամ ոչնչացված ապրանքների համար փոխհատուցում չի տրամադրվելու։

«Շատերն այստեղ դավադրության տեսություն են տեսնում, որովհետև այդ որոշումն ընդունվել է հուլիսի 7-ին, իսկ հարձակումը տեղի ունեցավ հուլիսի 18-ին։ Սակայն, իրականում, այստեղ որևէ դավադրություն չկա, քանի որ դեռ հունիսի 16-ին «Էլեկտրոստալի» պահեստի վրա առաջին հարվածներն էին հասցվել։ Այդ օրը վնասները մեծ չէին, բայց ռուս-ուկրաինական պատերազմն արդեն բոլորիս աչքի առաջ էր։ Իմ գնահատմամբ՝ Wildberries-ը պարզապես գնահատել է իր ռիսկերը»,- ասաց նա։

Չնայած դրան՝ Wildberries-ը 1-2 օր առաջ հայտարարեց, որ փոխհատուցում կտրամադրի մոտ 88 հազար տուժած փոքր վաճառողների։
«Առաջին փոխհատուցումները տրամադրվեցին հենց հուլիսի 22-ին, սակայն դրանք չնչին էին։ Միջին հաշվով յուրաքանչյուր վաճառող ստացել է պահեստում ունեցած ապրանքային մնացորդի արժեքի մոտ 10 տոկոսի չափով փոխհատուցում, ինչը նույնիսկ ապրանքի ինքնարժեքը չի ծածկում։ Այդուհանդերձ, Wildberries-ը հայտարարել է, որ փոխհատուցումների գործընթացը շարունակական է լինելու։ Ընկերությունը գործարկել է համակարգ, որի միջոցով հաշվարկում է, թե եթե ապրանքները վնասված չլինեին, ինչ ծավալի վաճառք կարող էին ունենալ, և այդ հիմքով իրականացնում է ընթացիկ փոխհատուցումներ։ Իսկ խոշոր վաճառողների համար մշակվում է աջակցության առանձին ծրագիր, որը դեռ ամբողջությամբ հրապարակված չէ»,- նշեց գործարարը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։