Բելառուսի ԱԳ նախարարը չի բացառել ՀԱՊԿ փակ փաստաթղթերին Հայաստանի հասանելիության սահմանափակումը

Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գաղտնի փաստաթղթերին։

Ավելի վաղ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում էին ընդունել զրկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունից։

Հայաստանը 2024 թվականին հայտարարել էր կազմակերպությանը մասնակցության սառեցման մասին, թեև նման ընթացակարգ նախատեսված չէ ՀԱՊԿ կանոնադրությամբ, և դադարեցրել էր անդամավճարների վճարումը։

«Վստահ եմ, որ որոշ փաստաթղթերի, որոնք ընդհանուր առմամբ գաղտնի բնույթ են կրում, հասանելիությունը կսահմանափակվի»,- հայտարարել է Ռիժենկովը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում։

Նա կասկած է հայտնել, որ անհրաժեշտ է «նման կեղծ դաշնակցին» լիարժեք հասանելիություն տրամադրել բավականին փակ բնույթ ունեցող փաստաթղթերին։ Նախարարի խոսքով՝ տեսականորեն այդ տեղեկությունները կարող են օգտագործվել ոչ ի շահ այն երկրների, որոնք իսկապես ցանկանում են զարգացնել ինտեգրացիոն այս միավորումը։

Ռիժենկովն ընդգծել է, որ Հայաստանի՝ ինտեգրացիոն կառույցների՝ ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ վերաբերմունքը փոխել է ոչ թե ժողովուրդը, այլ երկրի բարձրագույն ղեկավարությունը։

Նա Հայաստանի մասնակցությունն այդ կառույցներին բնութագրել է որպես «պասիվ»՝ նշելով, որ երկիրը դրանցից վերցնում է միայն այն, ինչն իրեն ձեռնտու է։

«Սա նշանակում է օգտագործել այդ միավորումներին մասնակցությունից բխող գիտելիքներն ու առավելությունները սեփական շահերի համար, որոնք չեն համընկնում ինտեգրացիոն կառույցների նպատակների հետ։ Չէ՞ որ մենք ցանկանում ենք լինել ուժեղ և համերաշխ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության հարցերում»,- ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։

«Ստացվում է այսպիսի իրավիճակ․ «Ես ձեզնից կվերցնեմ այն, ինչն ինձ հետաքրքրում է՝ գազի և նավթի գները, ապրանքներս մինչև վերջնական սպառող տեղափոխելու հնարավորությունը, իսկ մնացածը մեզ չի հետաքրքրում»։ Նման վերաբերմունքը չէր կարող աննկատ մնալ»,- ասել է Ռիժենկովը՝ մեկնաբանելով Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի վերաբերյալ ընդունված որոշումը։