Պարոն Սարոյան, բանակ եմ գնում. դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին

Փորձագետ Վահագն Սարոյանը, որը դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, գրել է. «Ճամբարակի զորամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհված զինծառայող Նարեկ Թորոսյանին ճանաչել եմ դեռևս իր առաջին կուրսից, ով աչքի էր ընկնում իր համեստությամբ, պարտաճանաչությամբ ու հավասարակշռությամբ: Սեսիոն քննության ժամանակ ինձ ասեց` «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում», գրկեցի, գոտեպնդեցի, բարի և անփորձանք ծառայություն մաղթեցի: Իսկ այս ողբերգական լուրը ցնցեց ողջ ներաշխարհս` ոնց կարող է այդպես պատահել… լույսերի մեջ մնաս Նարեկ ջան:

Ցավոք, բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով նման անդառնալի դեպքերը մեզանում բացառիկ չեն։ Սա առանձին դեպքի խնդիր չէ, այլ համակարգային տապալումների հետևանք, որոնք տարիներ շարունակ ամբողջությամբ չեն վերացվում։

Իրավական տեսանկյունից ակնհայտ է վերահսկողության ճգնաժամը։ Միաժամանակ մտահոգիչ է նաև բանակում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի դեպքերի թիվը։

Ծնողը տարիներ շարունակ մեծացնում ու դաստիարակում է իր որդուն, վստահում պետությանը, իսկ համակարգային անկման հետևանքով կորցնում նրան։ Ծնողի համար դա ամբողջ կյանքի կորստի ու անդառնալի ցավ է, մինչդեռ համակարգի համար հաճախ հերթական թիվն է վիճակագրության մեջ»։

Այսօր առավոտյան Քննչական կոմիտեն հայտնեց, https://livenews.am/2026/419594/23/11/45/  որ հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Իսկ Պաշտպանության նախարարությունը այդպես էլ չդրժեց լռության ուխտը և ծպտուն չհանեց զինծառայողի մահվան դեպքի առիթով։