Պաշտոնական Երուսաղեմը կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության հաստատմանը կներկայացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծ։

Ըստ իրաելական ԶԼՄ հաղորդագրությունների՝ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների շարունակ վատթարացման ֆոնին պաշտոնական Երուսաղեմն առաջիկայում կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Եթե նման բանաձև իսկապես ներկայացվի և արժանանա կառավարության ու Կնեսեթի հավանությանը, ապա դա կարող է վկայակոչել Իսրայելի ռեգիոնալ քաղաքականության զգալի փոփոխությունների մասին։ 

Իմ խորհրդարանական աշխատանքի և բազմաթիվ շփումների փորձը վկայում է, որ տասնամյակներ շարունակ Իսրայելում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը մնացել է քննարկումների առարկա և հիմնականում հետաձգվել է Թուրքիայի հետ կապված քաղաքական, տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների պատճառներով։ Այդ հարաբերություններում առաջացած արդի ճգնաժամը կարող է ճանաչման պատճառ հանդիսանալ:

Սակայն կարևոր է հաշվի առնել, որ Իսրայելի արտգործնախարարի հայտարարության և Իսրայելի պետության կողմից փաստացի ճանաչման միջև կան մի քանի փուլեր.

  1. Բանաձևի նախագծի ներկայացում։
  2. Կառավարության և Կնեսետի կողմից դրա քննարկում և հաստատում։
  3. Պետական այլ կառույցների հետագա հնարավոր որոշումներ։

Ուստի այս պահին արված հայտարարությունը ոչ թե արդեն կայացած ճանաչման, այլ նախաձեռնության մասին է, որը հետագայում կարող է հանգեցնել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։

Սա երկար սպաաված ու շատ ողջունելի գործընթաց է:

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան