Հյուսիսային Կորեան արտաքսել է երկրում Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ղեկավարին
Հյուսիսային Կորեան արտաքսել է Փհենյանում Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ղեկավարին՝ պահանջելով, որ նա 48 ժամվա ընթացքում լքի երկիրը։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։
Reuters-ը հայտնում է, որ միջադեպը կապված է պատժամիջոցների շուրջ երկու երկրների միջև առաջացած տարաձայնությունների հետ և տեղի է ունեցել Շվեյցարիայի կողմից Փհենյանում իր դիվանագիտական գրասենյակը վերաբացելուց հետո մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում։
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ կայացված որոշումը պատասխանն է Շվեյցարիայի կողմից Songdowon միջազգային մանկական ճամբարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն։ Փհենյանը դա որակել է որպես բացահայտ թշնամական գործողություն։
Արևմտյան երկրների պնդմամբ՝ ճամբարը ներգրավված է եղել Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից գրավված տարածքներից երեխաների տեղափոխման գործընթացում։
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Փհենյանում Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ղեկավար Սիլվեն Աստիեն, որին ներկայացվել է գրասենյակը փակելու պահանջը։
«Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀԺԴՀ-ում Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ղեկավարին հայտարարել է անցանկալի անձ և պահանջել լքել երկիրը 48 ժամվա ընթացքում։
ՀԺԴՀ-ի ինքնիշխան իրավունքները և նրա քաղաքացիների շահերը խախտող որևէ գործողություն երբեք չի կարող ընդունելի լինել մեզ համար», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Շվեյցարիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պատժամիջոցների քաղաքականությունը չի հակասում բոլոր երկրների հետ երկխոսությունը պահպանելու իր հանձնառությանը։
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունները կշարունակվեն պահպանվել Պեկինում գտնվող Շվեյցարիայի դեսպանության, ինչպես նաև Բեռնում Հյուսիսային Կորեայի դեսպանության միջոցով։
Նախարարությունը հայտնել է, որ ափսոսանք է հայտնում դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ։ Նշվել է նաև, որ միջոցներ են ձեռնարկվում Սիլվեն Աստիեի՝ Պեկինում Շվեյցարիայի դեսպանություն վերադառնալու համար։
«Գրասենյակի փակումը կասկածի տակ չի դնում Շվեյցարիայի և Հյուսիսային Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունները։ Շվեյցարիան կշարունակի երկխոսությունը դիվանագիտական ուղիներով», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

