Իսրայելը հավանաբար կտապալի Իրան-ԱՄՆ պայմանավորվածությամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը, ու պատերազմը, ցավոք, կվերսկսվի նոր թափով. 4

Այս կանխատեսումը բխում է Իսրայելի ղեկավարության հայտարարություններից, սիոնիստական պետության գործողություններից և ոչ միայն․․․

 

Սկիզբը՝ այստեղ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ:

«Ես գործողությունից առաջ (Իրանի դեմ,-Ա.Հ.) գնացի Թրամփի մոտ և ասացի նրան. մենք գնում ենք Իրան, քանի որ ես չեմ պատրաստվում սպասել, որ նրանք… առաջինը ոչնչացնեն մեզ… Ես թույլտվություն չեմ խնդրել, ես պարզապես հայտնել եմ նրան (Թրամփին.-Ա.Հ.) մեր ծրագրի մասին: Ի ուրախություն ինձ, նրանք նույնպես միացան»,- պատմել է Իսրայելի վարչապետը:

Ինչպես գրել է հնդկական «The Statesman» թերթը, Նաթանյահուն հավաստել է, որ Իսրայելն այսուհետ կգործի ըստ այն բանի, ինչն անհրաժեշտ է համարում իր անվտանգությունն ապահովելու համար, նույնիսկ եթե դա կնշանակի անհամաձայնություն ԱՄՆ-ի նախագահի հետ

«Լինում են պահեր, երբ պետք է կարողանալ «ոչ» ասել նույնիսկ ԱՄՆ նախագահին»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Նաթանյահուն հանդես է եկել ի պաշտպանություն Գազայում, Լիբանանում, Սիրիայում և Իրանում Իսրայելի ռազմական արշավների:

«Անվտանգությունը ձեռք է բերվում ուժով և վճռականությամբ, ըստ մեկ պարզ կանոնի՝ եթե ինչ-որ մեկը գա քեզ սպանելու, վեր կաց և առաջինը սպանիր նրան»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Նա նշել է, որ քննադատները, որոնք դեմ էին ռազմական այդ գործողություններին, այժմ տխրում են, որ Իսրայելն ավելի հեռուն չի գնացել:

«Այսօր նրանք մեզ ասում են. «Դուք գործը մինչև վերջ չեք հասցրել: Դուք աշխատանքը կատարել եք ոչ թե 100% -ով, այլ միայն 80-90%-ով»»,-հայտնել է Նաթանյահուն:

Սխալ է կարծելը, թե Իսրայելի վարչապետը պարզապես գլուխ է գովել կամ պարծեցել: Այլ տեղեկություններ գալիս են հաստատելու, որ նա չի ստել:

Նաթանյահուն, EFE գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է նաև ԱՄՆ-ից սպառազինությունների արտադրության ոլորտում անկախության ձգտման, այս հարցում անկախության հասնելու երկրի մտադրության մասին:

«Ես չափազանց շնորհակալ եմ այն աջակցության համար, որը մենք ստացել ենք մեր ամերիկացի ընկերներից, բայց մենք պետք է ազատվենք կախվածությունից և ստեղծենք սպառազինությունների արտադրության սեփական անկախ համակարգը»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է զենք արտադրել լիովին ինքնուրույն: Կառավարության ղեկավարը հավելել է, որ իր նպատակն է սպառազինությունների հարցում հասնել երկրի անկախությանը:

Նաթանյահուի խոսքերն արձագանքում են Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի դիրքորոշմանը։ Ավելի վաղ նա պնդել էր, որ երկիրը պարտավոր է ունենալ սեփական հնարավորություններն Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան