Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել
Հսկող դատախազը որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
«Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արտուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին:
Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով», – գրել է Մարտիրոսյանը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթուր Օսիպյանը 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Օսիպյանը կալանավորվել էր մայիսի 18-ին, նա մայիսի 21-ից հացադուլ էր հայտարարել:

