Ձորաղբյուրի Ամառանոցներ թաղամասի տներից մեկում 2 տղամարդ հոսանքահարվել են

Երեկ՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 2-րդ թաղամասի Ամառանոցներ 24 հասցեում 2 քաղաքացի հոսանքահարվել են։

Ահազանգը 112 օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է  ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժին, որտեղից նշված հասցե է մեկնել հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցներ 2-րդ թաղամասի 23 հասցեի տան տանիքում Երևանի բնակիչ 72-ամյա Լևոն Տ-ն և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Լևոն Ղ-ն աշխատանքներ իրականացնելու ընթացքում մետաղյա աստիճանավանդակը բացելիս անզգուշաբար հենել են մոտակայքով անցնող բարձր լարման էլեկտրալարին, ինչի պատճառով էլ հոսանքահարվել են, որի հետևանքով էլ Լևոն Ղ-ն տեղում մահացել է, իսկ Լևոն Տ-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի մասին ոստիկանության Գառնիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։