Եկեղեցու ապագան կախված չէ մեծամասնություններից, այլ ստեղծագործ հավատացյալներից․ Իսահակ վարդապետ
Իսահակ վարդապետ Պողոսյանը գրում է․
«Ժամանակակից աշխարհը թեև արտաքինից լի է առաջընթացով, սակայն ներքուստ ապրում է խորը ճգնաժամ։ Մարդը երբեք չի եղել ո’չ այսքան հզոր, ո’չ էլ այսքան միայնակ։ Քաղաքակրթությունը թեև ընդլայնել է իր հնարավորությունները, բայց և կորցրել է նպատակը։ Այդ պատճառով մեր ժամանակի գլխավոր հարցը այլևս միայն սոցիալական կամ քաղաքական չէ, այլ՝ մարդաբանական և հոգևոր. ո՞վ է մարդը, և ինչի՞ համար է ապրում։ Այս հարցի առջև Եկեղեցու առաքելությունը չի կարող սահմանափակվել անցյալի պահպանությամբ կամ սոսկ ավանդության պաշտպանությամբ։ Եթե Եկեղեցին դադարի պատասխանել մարդու գոյաբանական տագնապներին, ապա կվերածվի պարզապես մշակութային հիշողության։ Սակայն քրիստոնեությունը հիշողություն չէ միայն․ այն իրադարձություն է և Աստծու կենդանի ներկայությունը պատմության մեջ։
Քրիստոնեության մեծագույն ճգնաժամը նախ և առաջ Աստծու հարցի մոռացությունն է։ Բայց մարդը չի կարող հասկանալ իրեն, եթե կտրված է ճշմարտության աղբյուրից։ Ազատությունը, որը կտրված է ճշմարտությունից, կարող է վերածվել ընտրությունների բազմության, բայց ոչ իրական կյանքի։
Այս պայմաններում Եկեղեցու առաքելությունը ավելի քան մարգարեական է։ Այն կոչված է կրկին վկայելու, որ ճշմարտությունը հնարավոր է։ Քրիստոնեական հավատքը գաղափարախոսություն չէ, այլ հանդիպում։ Եվ միայն այդ հանդիպման մեջ է, որ մարդը վերագտնում է իր արժանապատվությունն ու ներքին ամբողջականությունը։
Եկեղեցու ապագան կախված չէ մեծամասնություններից կամ այլևայլ ազդեցություններից, այլ ստեղծագործ հավատացյալներից, որոնք ապրում են հավատքը որպես ճշմարտություն և կյանք։ Եկեղեցու իրական ուժը երբեք այլ բանի մեջ չի եղել, եթե ոչ սրբության։ Քրիստոնեությունը փոխել է աշխարհը ոչ թե իշխանության միջոցով, այլ վկայություններով։
Այս ճշմարտությունը առանձնահատուկ կերպով վերաբերում է նաև Հայ Եկեղեցուն։ Դարերի ընթացքում Եկեղեցին եղել է ոչ միայն դավանանքի պահապանը, այլև ժողովրդի հիշողության, լեզվի և ինքնության կրողը։ Սակայն ներկա ժամանակաշրջանում միայն պատմական հիշողությունը բավարար չէ։ Եթե հավատքը չդառնա կենդանի փորձառություն, ապա նույնիսկ ամենամեծ ավանդությունը կվերածվի անցյալի հիշողության։
Մարդը չի փնտրում պարզապես գաղափարներ. նա փնտրում է ներկայություն, իմաստ և սեր։ Եկեղեցին յուր էությամբ կոչված է դառնալու այդ ներկայության վայրը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի հավատքի և բանականության վերամիավորումը։ Ժամանակակից աշխարհը հաճախ դրանք ներկայացնում է որպես հակադիր իրականություններ, մինչդեռ քրիստոնեական ավանդության մեջ բանականությունը բացվում է իր ամբողջ խորությամբ միայն այն ժամանակ, երբ ուղղված է ճշմարտությանը։ «Հասկացիր, որպեսզի հավատաս, և հավատա, որպեսզի հասկանաս» ( Intellige ut credas, crede ut intelligas… Օգոստինոս)։ Սուրբ Գրիգոր Նարեկացին նույնպես ճանաչողության սահմանափակությունը չի ներկայացնում որպես հուսահատություն, այլ որպես Աստծու առաջ բացվելու հնարավորություն։ Նարեկացու մոտ բանականությունը իր ճշմարիտ լույսը գտնում է խոնարհության և աստվածային ճշմարտության հետ հաղորդակցության մեջ. «Քեզ չիմացող միտքը խավար է, և Քեզ ճանաչելով է լուսավորվում մարդու հոգին», «Քո լույսով են լուսավորվում իմ մտքի աչքերը»։ Առանց Աստծու մարդը կորցնում է ոչ միայն հավատքը, այլև իրեն հասկանալու կարողությունը։
Սակայն ապագայի առաքելությունը պահանջում է նաև նոր լեզու և նոր ներկայություն։ Թվային աշխարհում, մշակութային փոփոխությունների պայմաններում, Եկեղեցին չի կարող ծրարվել։ Նա պետք է գտնի ավետարանչության այնպիսի ձևեր, որոնք ժամանակակից մարդուն կհասնեն ոչ թե մակերեսային հարմարվողականությամբ, այլ ճշմարտության կենդանի վկայությամբ։
Սուրբ Գրիգոր Նարեկացին իր աղոթքներում բացահայտում է մարդու հոգու ամենախոր վերքը՝ Աստծուց բաժանված լինելը։ Սակայն նույն այդ վերքի մեջ է սկսվում բժշկությունը, որովհետև մարդը փրկվում է այն պահին, երբ ճանաչում է իր սահմանափակությունը և բացվում աստվածային ողորմության առաջ։ Այդ պատճառով Եկեղեցու վերջնական առաքելությունը ոչ թե կազմակերպական հաջողությունն է, այլ մարդկային սրտի վերափոխումը։ Եթե Եկեղեցին կարողանա վերամիավորել հավատքն ու բանականությունը, ազատությունն ու ճշմարտությունը, ազգային ինքնությունն ու համամարդկային պատասխանատվությունը, ապա կշարունակի իր պատմական և հոգևոր առաքելությունը նաև ապագայում։ Որովհետև Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա»։

