Էգոիստական բան կասեմ՝ խիստ ցանկալի է, որ Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. արդարադատության նախարար

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նկատառմանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը ընդդիմությունը որակում է քաղաքական հետապնդում, արձագանքեց. «Ընդդիմության համար շատ շահեկան է և միակ տարբերակն է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով»։

Անդրադառնալով արցախցի քաղաքական գործիչ, կալանավորված Արթուր Օսիպյանի գործին և առողջական վիճակին (20 օրից ավելի նա հացադուլի մեջ է), նախարարն ասաց. «Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին: Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը։

Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը, պատշաճ ապահովվի, նրան տրամադրվում է իրեն հասանելի զբոսանքը, և ամեն ինչ արվում է՝ տեսակցությունները հարազատների հետ, և ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, դա չի կարող լինել»։ 

Թե ինչու է անազատությունը որպես խափանման միջոց ընտրվել, Գալյանը նշեց, որ չգիտի։

«Մեր պարագայում էգոիստական բան կասեմ, խիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի»,- ասաց նա։