«Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել․ առավոտյան մտնում էին մարդկանց տներ, բերման ենթարկում․ Գոհար Մելոյան

«Մեր քաղաքական ուժից մոտավորապես 700 մարդ է կալանավորվել ու ձերբակալվել, այդ թվում նաև տարեց կանայք, որոնք ընդամենը եկել ու գրանցվել էին որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ։ Առավոտյան մտնում էին մարդկանց տներ, բերման էին ենթարկում»,-ընթացող ասուլիսում հայտարարեց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ ներկայացնելով իրենց կողմնակիցների, աջակիցների նկատմամաբ իրականացրած հետապնդումները։

Նրա խոսքով, այդ գործողություններն ունեցել են ահաբեկելու նպատակ, շատ դեպքերում մարդկանց տարել են բաժիններ, հարցաքննել ու բաց են թողել։ Շատ դեպքերում էլ փաստաբաններին թույլ չեն տվել մուտք գործել իրավապահ մարմիններ ու մասնակցել քննչական գործողություններին։

«Մի շարք դեպքերում մենք հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացրել, մարդու հիմնարար պաշտպանության իրավունքն էր խաթարվում, սա վաղուց չկիրառվող պրակտիկա էր, որ ընտրությունների նախօրեին վերակենդանացրեց իշխանությունը»,-ասաց Գոհար Մելոյանը։

Նա պատմեց, որ նախընտրական քարոզչության ընթացքում երբ համայնքներում իրենց քաղաքական ուժի հավաքները բազմամարդ էին լինում, ապա հաջորդ օրը իրավապահ մարմինները ներխուժում էին գրասենյակ, մարդկանց ձերբակալում էին։

«Անգամ նման վախի մթնոլորտի պայմաններում մեր կողմնակիցներն ավելի մեծաթիվ էին դառնում»,-ասաց Մելոյանը՝ մանրամասնելով, որ իրավապահները հատուկ թիրախավորում ու ազատությունից զրկում էին այն անձանց, որոնք վերապատրաստումներ էին անցել վստահված անձ լինելու համար։