Ադրբեջանի փոխվարչապետի այցի օրվա «համընկնումները» տեսնես պատահական էին…

«Օղակ» գործողության 35-րդ տարելիցի նախօրեին Հայաստանի գլխավոր հրապարակում պարեցին մեծ օղակ հիշեցնող պար, անունն էլ դրեցին «Տոնական շուրջպար 7 շրջանով», այո, հենց 7 շրջանով, չնայած իրականում շրջանները շատ էին: Եվ այդ ամենն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Հայաստան գալու օրը:

Ովքեր չեն նկատել կապը, փորձեմ բացատրել – «7 շրջաններ» բառակապակցությունը առաջին հերթին իհարկե հիշեցնում է թշնամուն հանձնված 7 շրջանները: 

Իսկ «օղակը» 35 տարի առաջ Ադրբեջանի ՕՄՈՆ-ի, ԽՍՀՄ ներքին զորքերի և խորհրդային բանակի կողմից մեր նկատմամբ իրականացված պատժիչ-ահաբեկչական գործողությունների, էթնիկ զտումների, վայրենի հաշվեհարդարների, բազմաթիվ խոշտանգումների անվանումն է – операция «Кольцо»:

Փորձեմ կարճ պատմել այս սարսափելի «Կոլցո» օպերացիայի մասին: 

Լայնածավալ գործողությունն անվանվել էր «Կոլցո»՝ ճիշտ այնպես, ինչպես 1943-ին խորհրդային բանակի կողմից Ստալինգրադում գերմանական զորքերի ջախջախման օպերացիան:

Առաջին թիրախը Գետաշենն ու Մարտունաշենն էին – հարձակվողները մտել էին բնակավայրեր, կողոպտել, սպանել բնակիչներին, բռնաբարել կանանց և տեղահան արել բնակչությանը։ Հարձակման հետևանքով Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից տեղահան է արվել շուրջ 3500 հայ:

Միայն Ոսկեպարի կոտորածի արդյունքում պաշտոնական տվյալներով 24 մարդ էր զոհվել՝ 14 ոստիկան և 10 քաղաքացիական անձ։ 104 Հայաստանի բնակիչ գերեվարվել էր, նրանցից 67-ը՝ ոստիկանության աշխատակիցներ։

«Օղակ» գործողության արդյունքում հայաթափվեց նաև Շահումյանի շրջանը:

Այս գործողությունը տարավ Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքը: 

Երեկ – այս հրեշավոր իրադարձություններից 35 տարի անց, Հանրապետության հրապարակում բեմադրվեց պար – օղակ՝ 7 շրջաններով… Շահին Մուստաֆաևի այցի օրը…

Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը