Իշխանության «սրտի դատավոր» Վահե Դոլմազյանը մերժել է նախաքննական մարմնին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հերթական անգամ ՀՀ Քննչական կոմիտեն Հակակառուպցիոն դատարանում հայտնվեց փաստի առջև: Մասնավորապես, գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված նոր մեղադրանքը դատավոր Վահե Դոլմազյանը հիմնավոր չհամարեց, և բարերար Սամվել Կարապետյանը մնաց կալանքի տակ՝ միայն կոչ հնչեցնելու դրվագի համար:

Նշենք, որ կալանքի ժամկետի լրանալուց 10 օր առաջ նախաքննական մարմինը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխեց: Ավելացրին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները, կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Արդյունքում, դատավոր Վահե Դոլմազյանը, անդրադառնալով նախաքննական մարմնի նոր մեղադրանքին, այն հիմնավոր չի համարել: Սա առաջին դեպքը չէ, որ նախաքննական մարմինն ամեն գնով ցանկանում է ծանրացնել Սամվել Կարապետյանի մեղադրանքը, սակայն փորձերն անցնում են ապարդյուն:

Դեռևս 2 ամիս առաջ Կարապետյանի պաշտպանը հայտնել էր, որ գործարարին առաջադրված մեղադրանքների փունջը՝ փողերի լվացումը, հարկեր ու տուրքեր չվճարելը և դրանց կազմակերպումը, դատական նիստերի ընթացքում չհաղթահարեցին հիմնավոր կասկածի շեմը: Դատավոր Տիգրան Դավթյանը Սամվել Կարապետյանի նկատմամբ «թալանի» և փողերի լվացման մեղադրանքները հանել էր գործից՝ թողնելով միայն նրա արտահայտած կարծիքի ու «Մեր ձևով» արտահայտության վերաբերյալ մասը:

Ստացվում է, իշխանության «սրտի դատավոր» Վահե Դոլմազյանը, դատավոր Տիգրան Դավթյանը, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը մերժել են նախաքննական մարմնին և հիմնավոր չեն համարել վերջիններիս մեղադրանքները՝ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները, կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։