Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1,5 տարի

ՀՀ կառավարությունը որոշել է 2026 թվականի ամառային զորակոչից ժամկետային զինծառայությունը դարձնել 1,5 տարի ընդհանուր տևողությամբ՝ ներկայի 2 տարվա փոխարեն։ Համապատասխան օրինագիծը զետեղված է e-draft իրավական ակտերի նախագծերի քննարկման պաշտոնական հարթակում։

Օրինագծում, մասնավորապես նշված է․
«Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «24 ամիս» բառերը փոխարինել «18 ամիս» բառերով

Հոդված 2. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
    2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը չի տարածվում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա»։

Որպես նշված խնդրահարույց փոփոխության հիմնավորում` օրենքի նախագծում նշված է, որ այն իրականացվում է իբրև ՀՀ ԶՈւ-ում նախատեսված բարեփոխում։

Հիշեցնենք, որ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո Իլհամ Ալիևը, նրա օգնական Հիքմեթ Հաջիևը, հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պարբերաբար խոսում են ՀՀ ԶՈւ-ի նշանակության նվազման, նրա թվաքանակի կրճատման, ընդհուպ՝ զինաթափման անհրաժեշտության մասին։